Եթե մեկ կամ երկու շաբաթ առաջ Ռուսթավելիի պողոտայում բողոքող քաղաքացիների հիմնական պահանջը Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականն էր, ապա այժմ պահանջները նույնքան բազմազան են, որքան ցույցերին մասնակցող խմբերն ու քաղաքական ուժերը:
Երկուշաբթի երեկոյան Ռուսթավելիի պողոտայում նույն ժամին միանգամից երկու խումբ էր որոշել բողոքի ակցիա անցկացնել: Առաջինը Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի օկուպացիայի դեմ բողոքող հասարակական նախաձեռնության անդամներն էին:
«Մենք` Վրաստանի խաղաղ քաղաքացիներս, միավորվել ենք ազատության և հավասարության սկզբունքների, ինչպես նաև ազատ պետություն կառուցելու ցանկության շուրջ: Մենք համոզված ենք, որ Ռուսաստանը մեր երկրի պատմական թշնամին է և օկուպանտ: Այսօր է որոշվելու` արդյո՞ք ռուսամետ ուժերին և Ռուսաստանի կողմից վերահսկվող կառավարությանը կհաջողվի պատրանք ստեղծել, թե իրենք են երկրի տերը», - հայտարարում էր ակցիայի կազմակերպիչներից Միշա Մշվիլաձեն:
Ռուսամետ ուժեր ասելով՝ Մշվիլաձեն նկատի ուներ Ռուսթավելիի պողոտայի բացառիկ օգտագործմանը հավակնող մյուս խմբին` ծայրահեղ ազգայնականներին, որոնց դժգոհության պատճառը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում կիրակի երեկոյան տեղի ունեցած միջադեպն էր, երբ լրագրող Գեորգի Գաբունիան ուղիղ եթերում հայհոյանքների տարափ էր հնչեցրել Ռուսաստանի նախագահի հասցեին:
Բացի այդ, այս խմբի մասնակիցները հայտարարում էին, թե պատրաստվում են տապալել սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների՝ երեկ նախատեսված «Հպարտության շքերթը» (“Tbilisi Pride”):
Այս մի խմբի առաջնորդն էր Ռուսաստանի որոշ մերձիշխանական շրջանակների հետ կապեր ունեցող թբիլիսցի գործարար Լևան Վասաձեն, որը սակայն կտրականապես հերքում է այդ առնչությունները:
«Ես իմ ողջ կյանքի ընթացքում պայքարել եմ ռուսական օկուպացիայի դեմ: Բայց չեմ կարծում, որ ուղիղ եթերում հնչեցրած հայհոյանքները մեզ կօգնեն վերադարձնել Աբխազիան և Ցխինվալին», - հայտարարում էր վրաց ազգայնականների առաջնորդը:
Նման իրավիճակում պատահական չէր, որ երբ երկու խմբերի ներկայացուցիչները նույն ժամին նույն վայրում հայտնվեցին, իրադրությունը արագորեն դուրս եկավ վերահսկողությունից: Ռուսթավելիի պողոտայում պարբերաբար բախումներ էին ծագում, առնվազն մեկ մարդ վիրավորվեց: Ոստիկանությունը ստիպված էր շտապ Ռուսթավելիի պողոտա բերված ավտոբուսներով տարանջատել երկու ակցիաների մասնակիցներին:
Եվ քանի դեռ այս երկու խմբերի ուշադրությունը կենտրոնացած էր Ռուսթավելիի պողոտայում ցույցեր անցկացնելու բացառիկ իրավունքի համար մղվող պայքարի վրա, փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող մի քանի տասնյակ ակտիվիստներ ի վերջո կյանքի կոչեցին ամիսներ առաջ լայնորեն գովազդված “Tbilisi Pride”-ը՝ մոտ 20 րոպեով հավաքվելով Վրաստանի մայրաքաղաքի թերևս ամենաանվտանգ վայրում` Ներքին գործերի նախարարության շենքի հարևանությամբ:
Բողոքի ակցիայի մասնակիցները ևս պահանջում էին Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը` նշելով, որ նրա ղեկավարած գերատեսչությունը չի կարողանում իրենց պաշտպանել:
«Հպարտության շքերթը» ի վերջո կայացավ՝ չնայած այն իրողությանը, որ մենք այսօր ավելի քիչ ենք, քան ակնկալվում էր: Բայց մեր թվաքանակը տարեցտարի ավելանալու է, և մենք չենք զիջելու հանրային վայրերը, դրանք նաև մերն են», - հայտարարում էր “Tbilisi Pride”-ի կազմակերպիչներից Գեորգի Տաբագարին: