Պաշտպանը միջնորդեց դատարանին՝ թույլատրել մեղադրյալ Երանոսյանին երկրից դուրս գալ

Հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում տուժած Յուրա Սղոյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը վստահեցնում է, թե նախկին փոխոստիկնաապետ Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, և տուժողները դեռ դատարանում ապացույցներով դրա մասին կվկայեն:

«Տուժող կողմը գտնում է, որ միանշանակ մեղադրանքը հիմնավոր է, և պետք է մեղադրական դատական ակտ կայացվի դատարանի կողմից», - հավելեց Ղարագյոզյանը:

Նախկին փոխոստիկանապետը, որը միաժամանակ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարն էր, մեղադրվում է անցած տարի ապրիլի 16-ին և 22-ին լիազորությունները գերազանցելու և «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու համար: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանի գործողությունների հետևանքով տուժել են երկու տասնյակից ավելի ցուցարարներ:

Տուժողների թվում է նաև Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա և շատերը չեն ներկայանում նիստին:

Նելլի Հարությունյանը և Զորիկ Մարտիրոսյանն էին եկել: Իսկ Յուրա Սղոյանի փոխարեն նրա ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը:

«Ցումունք տալու ժամանակ տուժողը կներկայացնի բոլոր այն ապացույցները, ինչին որ նա ականատես է եղել: Պարզապես նախաքննության գաղտնիքից ելնելով՝ չեմ կարող հիմա հրապարակել», - ասաց փաստաբան Ղարագյոզյանը:

Լևոն Երանոսյանը մեղադրանքը չի ընդունում, և ասել է, որ մինչև տուժողների հարցաքննություն չի խոսի: Ասելիք շատ ունի և այսօր էլ խոստացավ, որ մի քանի նիստից կխոսի: Ասաց, որ հատուկ միջոցներ կիրառել է, բայց ոչ ութ հատ:

Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյան նշեց, որ իր պաշտպանյալը գործել է լիազորությունների շրջանակում և խոստացավ ավելի ուշ հրապարակել կիրառված հատուկ միջոցները թիվը․ - «Քանի որ դեռ բուն դատաքննության չենք մտել, մենք պաշտպանական տակտիկայի նկատառումներից ելնելով՝ չենք կարող մեր «զենքերը և գործիքները» հիմա թվարկել: Դրա համար նաև պարոն Երանոսյանը ձեռնպահ է մնում հարցազրույց տալուց, որևէ փաստական տվյալ հայտնելուց: Երբ որ կգա էդ փուլը, դռնբաց դատական նիստ է տեղի ունենում, դատաքննություն է տեղի ունենում, էդ ամեն ինչը ակնհայտ պարզ կներկայացվի»:

Դատարանը դեռ գործի նյութերի հետազոտման փուլում է: Տուժողների հարցաքննությունը կլինի թերևս արձակուրդից հետո: Դատավորն այսօր տեղեկիացրեց, որ հուլիսի կեսից մինչև օգոստոսի 12-ը արձակուրդում է գտնվելու:

Երանոսյանն էլ հանգստի կարիք ունի: Նրա խափանման միջոցը ստորագրությամբ երկրից չհեռանալն է:

Առիթից օգտվելով՝ մեղադրյալի համար երկրից դուրս գալու թույլտվություն խնդրեց պաշտպանը․ - «Մասնավորապես մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ բուժման նպատակով»:

Դատավորը ժամետները ճշտեց: Դատախազը առարկեց: Տուժողի ներկայացուցիչ Ղարագյոզյանն էլ դեմ էր: «Եթե Երանոսյանը հանգստի մեկնի, ապա ի՞նչ անեն նրա գործողությունների հետևանքով տուժածները», - հռետորական հարցադրում հնչեցրեց փաստաբանը:

Երանոսյանի հանգստի մեկնելու հարցը կորոշվի հունիսի 11-ի նիստում: