Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով առաջին դատական նիստը հետաձգվեց՝ դատախազի դատարան չներկայանալու պատճառով։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։
Դավիթ համբարձումյանի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018-ի ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։
Լրագրողների հետ զրույցում Մասիսի քաղաքապետն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք քաղաքական ենթատեքստ տեսնում է, պատասխանեց՝ ոչ։
Հարցին, թե ինչո՞ւ է իրեն նման մեղադրանք առաջադրվել, ինչպես կմեկնաբանի դա, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց. - «Ժամանակը թող գա, թող դատավարությունն ավարտվի, կիմանաք՝ ինչ է եղել։ Էն ժամանակ խոստացել եմ բոլոր լրատվամիջոցներին՝ մամուլի ասուլիս եմ հրավիրելու, խոսելու եմ»։
Լրագրողների հարցին, թե նեղացա՞ծ է այս իշխանություններից, Համբարձումյանը բացասական արձագանքեց. - «Իհարկե ոչ։ Ես երբեք ոչ ոքից չեմ նեղանում, կարծում եմ՝ թույլ մարդու բնավորություն է նեղանալը»։
Մեկ այլ հարցին, թե այս կարգավիճակով Մասիսում կառավարելը, խնդիրներ չի՞ առաջացնում, Մասիսի քաղաքապետը պատասխանեց. - «Շատ լավ է։ Որպես լրագրողներ կարող եք մասիսցիներին հարցնել, նրանք կպատասխանեն։ Ընդհակառակը, հիմա շատ լավ կառավարում եմ, մասիսցիների հետ շատ լավ շփվում եմ։ Իրենք կփաստեն դրա մասին։ Որևէ խնդիր չեմ տեսնում»։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հավելեց. - «Քրեական գործը համացանցային ավանտյուրա է, որի մեջ իր մեղքը ունեն նաև որոշ լրատվամիջոցներ»։
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին։