«Առաջին 10-15 վարորդականը հենց վերցնեն, շատ մարդիկ ուղղակի խելքի կգան: Որովհետև էն վիճակը, որ հիմա կա, ուղղակի անընդունելի է», - ասաց 15 տարվա վարորդական փորձ ունեցող Լևոն Հարությունյանը:
Միևնույն ժամանակ Հարությունյանը նկատում է, որ խիստ վերահսկողությունից զատ, պետք ոստիկանների աշխատավարձերի բարձրացում լինի, ինչպես նաև պարգևավճարներ տրվեն։
Նկատում է, որ այստեղ վարելու պարագայում պետք է մտածել բոլոր մեքենաների անվտանգության մասին․ - «Հայաստանում երբ որ դու քշում ես, պիտի քշես՝ բոլորի տեղը մտածելով»:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը նշում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա մինչև հունիս ամսվա համեմատ՝ այս տարի աճել է 8-ով․ - «Այս մեկ ամսվա ընթացքում կրկին մոտ 30-ից ավելի զոհ ունեցանք: Այս ամենը երթևեկության գլոբալ խնդիրների մասին ա խոսում, այլ ոչ միայն որ վարորդականը նախկինում գումարով ձեռք բերված լինելու մասին, վատ ասֆալտ լինելու մասին, կամ նշանը վատ երևալու մասին: Կոմպլեքս լուծում է պահանջում»:
Ղահրամանյանը նկատում է, որ անվերահսկելիությունը սկիզբ առավ նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո․ - «Համաներումից, մի շարք իրավախախտումներ չարձանագրելուց, ինչպես նաև վարչապետի մի շարք թևավոր խոսքերից, որի արդյունքում այս ամենը ավելի մասսայաբար տարածվեց: Բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ վարորդական գիտելիքներից կախված չի վարորդական էթիկան: Պարզագույն օրինակ բերեմ․ երեք տարեկան երեխան գիտի, որ կարմիր լույսի տակ պետք է կանգնել, կանաչի տակ՝ շարունակել: Կամ ալկոհոլ օգտագործած ժամանակ չպետք է նստել ղեկին: Բայց մեր մոտ այդ ամենը տեղի է ունենում: Դա մարդկանց ինչ-որ տեղ նաև ցուցադրական մոտեցումն է, որ թքած ունեն օրենքի վրա, պետության վրա, Սահմանադրության վրա, և իրենք անում են այն ամենը, ինչ իրենց հաճելի է և ձեռնտու է»:
Խնդիրները մեղմելու համար Սերգեյ Ղահրամանյանը մի քանի լուծումներ է առաջարկում. - «Պետք է քաղաքաշինական լուծումներ, որի հետևանքով վարորդները հնարավորություն քիչ կունենան խախտումներ իրականացնել: Վարորդական քննության և վարորդական էթիկայի համար լուրջ, գործուն մեխանիզմներ պետք է ներդրվեն, վերահսկողական նոր մոտեցումներ են պետք, որովհետև այս արագաչափերը և տեսանկարահանող սարքերը կարելի է ասել իրենց սպառել են»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկինում Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այսօրվա Ճանապարհային ոստիկանության ուժերը և միջոցները համարժեք չեն իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար․ - «Այսօր գաղտնիք չէ, որ Ճանապարհային ոստիկանությունը ուժերի և միջոցների առումով համարժեք չէ տիրող իրավիճակին: Եվ այն նախագիծը, որով պետք է կազմակերպվի պարեկային ծառայությունը և այլն, դրանք բոլորը պետք է իրականացվեն»: