«Նավթի և գազի ստորջրյա արդյունահանման նպատակով երկրաբանական աշխատանքներ իրականացնող երկրորդ թուրքական նավն է այսօր ժամանել Կիպրոսի ափերի մոտ», - հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել էր, որ Yavuz կոչվող այս նավը վառելիքի պաշարների հետազոտման աշխատանքները կարող է սկսել արդեն այս շաբաթ:
Կիպրոսի իշխանությունները խստորեն դատապարտել են թուրքական կողմի այս քայլը:
«Այս գործողությունը Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության լրջագույն ոտնահարում է», - նշված է Կիպրոսի նախագահի աշխատակազմի՝ այսօր տարածած հայտարարության մեջ:
Ավելի քան 140 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարները Կիպրոսին պատկանող ափամերձ տնտեսական գոտում հայտնաբերվել են 2011 թվականին: Թուրքիան, սակայն, վիճարկում է Կիպրոսի բացառիկ իրավունքները «Աֆրոդիտա» կոչվող ստորջրյա հանքավայրի հանդեպ: