«Ոսկե Ծիրանի» առաքելությունը «լսելի դարձնելն է այն ձայները, որոնք այլապես լսելի չեն»

«Ոսկե Ծիրան» երևանյան 16-րդ միջազգային կինոփառատոնը երեկ երեկոյան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը համախմբել էր երկու հազար հյուրերի:

«Մենք ինչեր ասես չենք արել երկու հազար և ավելի մարդկանցով, բայց պարզվում է, որ մի բան երբեք չենք արել՝ երբեք երկու հազար հոգով չենք դիտել ֆիլմ: Այսօր մենք այդ ֆիլմը կդիտենք: Եվ այս հարվածը ընդունելուց հետո փառատոնը, իհարկե, կդառնա կայացած, եթե առաջիկա 7 օրերի ընթացքում մենք նույնպես այդ բազմաձայնությունը լսելի դարձնենք ոչ պակաս, քան ձեր ծափահարությունները», - բեմից կատակով նկատեց փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Իսկ փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի բազմազանության անհրաժեշտության մասին մինչև այդ խոսել էր փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը․ - «Փառատոնի առաքելությունը ոչ միայն զվարճացնելն է մեզ, այլ հուզել, ստիպել մտածել․ լսելի դարձնել այն ձայները, որոնք այլապես լսելի չեն: Փառատոնի առաքելությունն է հիշեցնել այնպիսի ձայների մասին, ինչպիսիք են անտարբերության ձայնը․ խտրականության ձայնը, բռնության ձայնը»:

Ոշագրավ էր նաև փառատոնի տարիքի հետ կապված Հասմիկ Հովաննիսյանի համեմատական դիտարկումը․ - «Այս տարի մենք հաճախ ենք սիրում կրկնել, որ մեր փառատոնը արդեն 16 տարեկան է, հասել է պատանեկության և չափահասության խենթ ու խելառ տարիքին: Մեր փառատոնը երջանիկ պատանի է, քանի որ մեծացել և հասել է իր պատանեկությանը շատ սիրող և հոգատար ձեռքերում: Եկեք ողջունենք փառատոնի հիմնադիրներին՝ Սուսաննա Հարությունյանին, Միքայել Ստամբոլցյանին և փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանին»:

«Ոսկե Ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ փառատոնի ղեկավարությունը երիտասարդներին փոխանցելու պատճառաբանությունը ներկայացրեց․ - «Գիտեք ինչու էր ճիշտ, որովհետև երիտասարդ կառավարություն, երիտասարդ նախարարներ, նաև երիտասարդ կազմակերպիչներ: Բոլորը միասին հավաքվեցին կառավարությունով և կազմակերպիչներով և կարողացան այն բացերը լրացնել, որոնք արդեն մեր ժամանակ կային»:

Փառատոնի բացումը ձեռք-ձեռքի տված ազդարարեցին «Ոսկե Ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն և փառատոնի գլխավոր հովանավոր Ռալֆ Յիրիկյանը:

16-րդ «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը բացվեց մայիսին Կաննի կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղին արժանացած հարավ-կորեացի ռեժիսոր Պոն-Չուն-Հոյի «Մակաբույծները» (կամ «Պորտաբույծները») հանրահայտ, չափազանց տպավորիչ ֆիլմի ցուցադրությամբ:

Փառատոնի միջազգային լիամետրաժ խաղարկային և վավերագրական մրցութային ծրագրին այս տարի կներկայացվի 12 ֆիլմ 17 երկրից, կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում կներկայացվի 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Վրաստանից և Իրանից:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային ժյուրիի նախագահն է ճանաչված ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն է , կարճամետրաժ ֆիլմերինը՝ Պիպո Մեցապեսան: Ի դեպ, այս տարի մեկ տոմս գնելով հնարավոր կլինի հնարավոր կլինի անվճար ձեռք բերել մեկ այլ ֆիլմի տոմս, քանի որ տոմսի արժեքի կեսը հետ է վերադարձվելու:

Բայց անկախ այս ամենից, արդեն որերորդ տարին է «Ոսկե Ծիրանը» մի յուրահատուկ տեղ է գրավում մեր հասարակության կյանքում: Դրա լավագույն վկայությունն էր երեկ երեկոյան Մարզահամերգային համալիրում հավաքված հյուրերի ոգևորվածությունը ոչ միայն ու ոչ անքան Կարմիր գորգին տեղի ունեցող բոլոր կինոփառատոների համար պարտադիր արարողությունից, այլ այն մթնոլորտից, որ «Ոսկե Ծիրանն» է միայն իր հետ բերում:

Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Կարծում եմ, որ այս ուրախությունը մեր բոլորինն է: Եվ հուսով եմ, որ այսքան մարդ այսքան գեղեցիկ հագուստներով, այսքան գեղեցիկ տրամադրությամբ անպայման իրենց գեղեցիկ էներգետիկան կփոխանցեն»: