Պաշտպանական խումբը Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարություն, արխիվ

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը այսօր միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ գրավով Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար։ Գումարի չափը թողել են դատարանի հայեցողությանը։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս միջնորդությունը հնարավոր կլինի քննել, երբ վերաքննիչ քրեական դատարանը գործի նյութերն ուղարկի առաջին ատյանի դատարան։

Երկրորդ նախագահին առնչվող վերաքննիչ որոշումներ կայացրած դատավոր Արմեն Դանիելյանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ չեն կարող ասել, թե գործի նյութերը երբ կուղարկվեն առաջին ատյանի դատարան: - «Ուղարկելու մասին կտեղեկացնենք», - ասացին երկրորդ նախագահին հունիսի 25-ին կալանավորած դատավոր Արմեն Դանիելյանի գրասենյակից։

Ձգձգումը երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը պատահական չի համարում՝ պնդում է, որ այս ամենն արվում է Քոչարյանին կալանքի տակ որքան հնարավոր է երկար պահելու համար ու հենց գործադիր իշխանության ցանկությամբ։

«Գործադիր իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի մի հատ կոնկրետ նպատակի հասնի՝ ցանկացած, ամենաանարդար ճանապարհը օգտագործելով, չխորշելով ամենակեղտոտ մեթոդներից․ ամեն գնով, նույնիսկ օրենքի ամենասաստիկ խախտումներով պարոն Քոչարյանին հնարավորին չափ երկար պահել կալանքի տակ», - նշեց Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ինչպես նաև նրա գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկելու մասին որոշումը բեկանելուց հետո վերաքննիչ քրեական դատարանը գործը հետ՝ առաջին ատյանի դատարան չի ուղարկում արդեն երկու շաբաթ։ Մեղադրյալ Քոչարյանի պաշտպանական խումբը դեռ մեկ շաբաթ առաջ էր փորձել պարզել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գրասենյակից, թե ինչո՞ւ չի վերսկսում գործի վարույթը, և ստացել էր պատասխան, թե պատճառն այն է, որ գործի նյութերը դեռ իրենց մոտ չեն։

Վերաքննիչն, իր հերթին, փաստաբաններին փոխանցել էր, որ սպասում է իր կայացրած որոշումների բողոքարկմանը, ինչից հետո արդեն, եթե վճռաբեկ բողոք ներկայացվի, գործի նյութերը կուղարկեն Վճռաբեկ դատարան։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեռևս վճռաբեկ բողոք չեն ներկայացրել։

Փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է՝ վերաքննիչը որոշումները հրապարակելուց հետո գործի նյութերը պետք է հետ ուղարկեր առաջին ատյանի դատարան անմիջապես, այլ ոչ թե սպասեր վճռաբեկ բողոք բերելուն։ Իսկ ինչ վերաբերում է վերաքննիչին, ապա Քոչարյանի և մյուսների գործի նյութերը չպետք է ուղարկվեին այդ ատյան, քանի որ Արմեն Դանիելյանը բուն գործը չէր քննում։ Եվ որ դատական պրակտիկայում ընդունված է, որ նման բողոքարկումների դեպքում առաջին ատյանի դատարանում բուն գործի քննությանը զուգահեռ այլ ատյաններում միջանկյալ բողոքներ են քննվում։

Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանն իր հերթին շեշտում է՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կարող էր առանց գործի նյութերի, միայն դրանց պատճեններով շարունակել քննությունը։ Ասաց, որ իրենք Դավիթ Գրիգորյանին առաջարկել են գործը թվային տարբերակով վերցնել՝ գործը անհարկի չձգձգելու համար։ Պատասխան չեն ստացել։

«Մենք ուզում ենք, որպեսզի օրենքով սահմանված ժամկետները քննարկվի, երբ որ իրենք մեղադրում են, որ մենք արհեստական ձգձգում ենք անում, ուզում եմ ուշադրություն հրավիրեմ՝ մեր դեպքում ոչ մի օրենքով սահմանված ժամկետի խնդիր չի առաջանում։ Օրենքով սահմանված ժամկետի խնդիր միշտ առաջանում է, երբ դիմացի կողմն է, այսպես ասած, արհեստական ձգձգում գործընթացը», - նշեց Օրբելյանը։

Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ վերաքննիչ դատարանը ճիշտ դիրքորոշում է որդեգրել՝ սպասելով վճռաբեկ բողոքների ներկայացմանը։ Ըստ փաստաբանի, քանի որ այս հարցով վճռաբեկի որոշում չկա, առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող վերսկսել գործի քննությունը։

«Գուցե վճռաբեկը վարույթ է ընդունում և հակառակ որոշում է կայացնում, դրա համար չի կարող հիմա հրատապ առաջին ատյանը լսի։ Ես կարծում եմ, որ աշնանը նոր էս գործով քննություն կսկսվի», - ընդգծեց Սաֆարյանը։

Ինչ վերաբերում է գրավով Քոչարյանի ազատ արձակման մասին միջնորդությանը, Սաֆարյանը պնդում է, որ քանի դեռ կասեցված գործի քննությունը չի վերսկսվել, դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող այն քննել։ Մյուս կողմից էլ, այն չի կարող քննել նաև մեկ այլ դատավոր, քանի որ չունի գործի նյութերը։

«Իրանք այսպիսի խնդիրներ են սարքում, որ էս հակասությունները սկսեն հետո օգտագործել իրավունքի խախտման տեսանկյունից, բայց ես կարծում եմ, որ մեր պետական օրենսդրությունը, համենայն դեպս, ասենք, մենակ Ռոբերտ Քոչարյանով չի սկսվել ու ավարտվել։ Մշտապես գործել է այս կարգը և դա մի էնպիսի բաց չի, որի համար իրենք կարողանան արձանագրել խախտում և գնալ Եվրոպական դատարան ու բողոքարկել այս կարգի իրավունքի խախտումներ՝ Ռոբերտ Քոչարյանի շահերի տեսանկյունից», - ասաց Սաֆարյանը։

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում՝ հայտարարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Հունիսի 25-ից կալանավորված Քոչարյանը բանտից ազատ էր արձակվել դրանից ավելի քան մեկ ամիս առաջ՝ մայիսի 18-ին։ Դրանից առաջ ևս երկու անգամ կալանավորվել էր և ազատ արձակվել: