Վրաստանում վթարի ենթարկված և Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող երկու հիվանդների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ նրանք այս պահին ենթակա չեն տեղափոխման։
Ըստ նախարարության, միջին ծանրության երեք տուժած այս պահին տեղափոխվում է Հայաստան:
Ըստ Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջի, տուժածներից երեքը՝ Մ. Մ. (30 տարեկան), Լ. Մ. (16 տարեկան.) և Ռ. Մ. (12 տարեկան) տեղափոխվում են Հայաստան և արդեն հատել են վրաց-հայկական սահմանը։
Լ. Մ.-ն և Ռ. Մ․-ն տեղափոխվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մ. Մ.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
«Ա. Մ.-ի (40 տր.) և Մ. Մ.-ի (13 տր.) վիճակները ծայրահեղ ծանր են և նրանց Հայաստան տեղափոխելու հարցը կախված է ապաքինման դինամիկայից», - ասված է հաղորդագրությունում։
Երեկ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին հայկական մեքենայի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեպքից հետո հաղորդեց, որ տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, նախատեսվում է Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը՝ միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ առողջապահության և արտակարգ իրավիճակների փոխնախարարները երեկ եղել են Վրաստանում, տեսակցել են վիրավորներին։
«Երեք զոհ ունեցանք։ Իմ կարծիքով՝ սխալը վարորդից է գալիս. նախնական վարկած ես չէի ասի, բայց մի բան, որ ես լսել եմ՝ փոքր մեքենա է, փոքր մեքենայի մեջ ութ հոգի մարդ, բեռնախցիկում երկու երեխա է տեղավորված եղել, որը հասկանալի է, թե ինչքան անզգույշ և անտարբեր վարքագիծ է», - ասաց նախարարը։