Վերջին մեկ տարում Հայաստանում իրականացված բարեփոխումներն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել զարկ տալու առևտրի ու ներդրումների աճին` տնտեսապես աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի` Սինգապուրի հետ: Այսօր Սինգապուրի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել նոր էջ բացելու մեր հարաբերություններում: Սինգապուրն աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Կարծում եմ դրա համար այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալներ», - ասաց վարչապետը՝ շարունակելով, - «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք արմատապես վերափոխել են երկրի տնտեսական միջավայրը, ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և, մասնավորապես, արտասահմանյան ներդրումների համար, շեշտակի նվազել է կոռուպցիան, այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությունը նվազեցնող գործոն։ Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար: Ասվածին ավելանում է նաև Եվրասիական տնտեսական միության, որին անդամակցում է նաև Հայաստանը, և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն էլ Սինգապուրի պես բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում է, չունի բնական հարուստ ռեսուրսներ, զարգացման ռազմավարությունը կառուցում է մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման վրա։
«Սակայն, ի տարբերություն Սինգապուրի, որն իր զարգացման գործընթացը սկսել էր հինգ տասնամյակ առաջ և հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան, արդեն իսկ հասել է աննախադեպ բարձունքների, Հայաստանը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի շեմին», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն իր հերթին շեշտեց, որ Փաշինյանի հետ բանակցել են տնտեսական կապերը խորացնելու շուրջ, Սինգապուրի առաջնորդը երկար խոսեց իր երկրում տարբեր ոլորտներում հայերի ներդրած ավանդի մասին:
Նշենք, որ Սինգապուրի Կառավարական «Իստանա» նստավայրում Փաշինյանին դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ:
Լի Սյեն Լուի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքներով Երևանը և Սինգապուրը ստորագրեցին զբոսաշրջության, կրթության, բնապահպանության ոլորտում համագործակցության հուշագրեր և կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր:
Սինգապուր այցի առանցքում տնտեսական հարցերն են, Նիկոլ Փաշինյանը առավոտյան հանդիպեց Temasek ներդրումային հայտնի հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ասաց, որ տեխնոլոգիական բնագավառը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է:
Նախատեսված են հանդիպումների տեղի գործարարների հետ և այց տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:
Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրաշրջանառությունը շատ փոքր է. անցած տարի Հայաստանը Սինգապուրից ներմուծել է ընդամենը 1.5 միլիոն դոլարի ապրանք, իսկ արտահանել՝ 700 հազար դոլարի ապրանք:
Սինգապուրը համաշխարհային տնտեսության առաջամարտիկներից է, այս երկրի օրինակը Հայաստանում բերվում է պարբերաբար, հատկապես նաև, երբ ՆիկոլՓաշինյանը տնտեսական հեղափոխության մեկնարկ հայտարարեց:
Սինգապուրը, չունենալով բնական ռեսուրսներ, թռիչքային աճ է ապահովել։
Նիկոլ Փաշինյանին ընդունել է նաև Սինգապուրի նախագահը, վաղն էլ նրան խորհրդարանի խոսնակը կհյուրընկալի։
Նիկոլ Փաշինյանը Վիետնամից ժամանեց Սինգապուր, այցը պաշտոնական է` այս երկրի վարչապետի հրավերով:
Վարչապետը երեկ այցելեց Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի` հանդիպելու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՆիկոլՓաշինյանի ելույթը լսելու, նրան հարցեր ուղղելու համար Սինգապուր էին եկել հայեր նաև տարածաշրջանի այլ երկրներից, այդ թվում՝ Մալայզիայից, Ինդոնեզիայից, Թաիլանդից, անգամ Ավստրալիայից հայեր կային: Մինչև համայնքի հետ զրույցը Փաշինյանը արարողակարգային միջոցառումների մասնակցեց, շրջեց հայկական ժառանգության թանգարանում:
Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձը եղեգնուտում հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմը` Աշխեն Հովակիմյանը, հենց նրա պատվին էլ ծաղիկն անվանակոչվել է: Փաշինյանը մասնակցեց այս ծաղկի արձանի բացմանը:
Սինգապուրի հայ համայնքը շուրջ 185 տարվա պատմություն ունի, այստեղ մոտ 100 հայ է ապրում: