Արարատի մարզում վթարի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր

Նախնական տվյալներով, որոնք ամեն պահի թարմացվում են, Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվել է 12 մարդ, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր: Այդ մասին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Վիրավորներից 4-ը, ըստ նախարարի, «Արարատ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել: «Մնացել է ևս երկու հիվանդ Արարատի բժշկական կենտրոնում՝ մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, այսինքն՝ կյանքին վտանգ չի սպառնում որպես այդպիսին», - շարունակեց Թորոսյանը:

«Եվս մեկ պացիենտ հիմա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում, մեկ պացիենտ՝ երեխա, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, եթե չեմ սխալվում՝ ձեռքի կոտրվածքով, չորս պացիենտ գտնվում են այրվածքաբանության կենտրոնում, որից մեկը շուտով կտեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն, որովհետև բուն այրվածքային խնդիրը այդքան ծանր չէ, ինչքան մյուս խնդիրները, այսինքն՝ խրոնիկ հիվանդություններ ունի և նաև կոտրվածքներ, դրա համար տեղափոխում ենք բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, մնում են երեքը, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, մյուս երկուսից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության», - փոխանցեց նախարարը:

«Ամեն ինչ արվում է բժշկական օգնության տեսանկյունից, հույս ունեմ, որ կունենանք դրական արդյունքներ», - ասաց Արսեն Թորոսյանը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երեխայի կյանքին, ինչպես «Ազատության» հարցին ի պատասխան նշեց Թորոսյանը, վտանգ չի սպառնում:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողը, ըստ նախարարի, «երիտասարդ աղջիկ է»․ մանրամասներ նա չկարողացավ հաղորդել:

«Նաև եղել են զոհեր, որոնց թվաքանակը հիմա ճշտվում է: Իմ նախնական տվյալներով՝ 6 զոհ են, վերջնական ինֆորմացիա կտրամադրվի», - ասաց Թորոսյանը՝ «Ազատության» հարցին պատասխանելով, որ «դատաբժշկական փորձաքննությունը վերջնական մահվան պատճառը կասի՝ միգուցե, հնարավոր է, նաև տրավմաներից մարդիկ զոհված լինեն, ոչ միայն այրվածքներից»:

Այրվածքաբանության կենտրոն այցելեցին նաև Առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Այստեղ հիմա գտնվում են երեք հիվանդ, երեք տուժած, վիճակը գնահատում ենք ծանր, բայց հաշվի առնելով վնասվածքների խորությունը՝ դեռևս հիվանդությունների զարգացման տեղ կա, այսինքն՝ դեռևս հետևում ենք, ու այս պահի դրությամբ ասել, որ մենք ունենք վիճակների կայունացում, դեռևս շուտ է», - ասաց փոխնախարարը՝ շարունակելով․ - «Մենք ունենք ևս մեկ հիվանդ՝ 13 տարեկան երեխա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, վիճակը՝ միջին ծանրության, գտնվում է ռեանիմիացիայում, բայց՝ կայուն, ճաճանչոսկրի կոտրվածք ունի: Ունենք մեկ պացիենտ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 73 թվականի ծնված, վիճակը՝ ծանր: Երկու պացիենտ ունենք այս պահին Արարատի բժշկական կենտրոնում՝ մեկ 7 տարեկան երեխա և մեկ 42 տարեկան տղամարդ, վիճակները՝ միջին ծանրության, բայց՝ ավելի թեթև, քան մեր էստեղի գտնվող հիվանդները»:

«Ամենածանր դեպքերը էստեղ են, մեկ ծանր հիվանդ էլ հիմա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, տեղափոխվել է, քանի որ ավելի շատ պոլիտրավմա էր, քան թե այրվածքաբանական, դրա համար տեղափոխվել է», - փոխանցեց Հարությունյանը:

«Շատ ծանր դեպք է մեր համար, առանձնահատուկ՝ մեր մարզի համար, և ուղղակի իմ հորդորը բոլոր վարորդներին, որ պահպանեն կանոնները, և նման վայրում՝ հատկապես կամուրջի վրա, վազանց չփորձեն երբեք կատարել», - ասաց Արարատի մարզպետը:

«Ես տեղեկացել եմ մոտ ժամը 15:50-ի դրությամբ, փորձել եմ արագ հասնել, եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս էին բերում «ԳԱԶել»-ից, շատ ծանր տեսարան էր», - նշեց Գարիկ Սարգսյանը:

Հարցին, թե պարզե՞լ են արդյոք՝ երթուղայինը համապատասխան տեխզննում անցե՞լ էր ու մնացած պահանջներին համապատասխանե՞լ է, մարզպետը պատասխանեց․ - «Ոչ, էս պահին չեմ կարող ասել: Ամեն դեպքում, եթե երթուղի է դուրս եկել, միանշանակ պետք է պահպանված լինեն բոլոր նորմատիվները: Համենայն դեպս, «ԳԱԶել»-ի պատճառով չի եղել, «ԳԱԶել»-ի վարորդի կատարած գործողության պատճառով չի եղել այս վթարը, ամենայն հավանականությամբ՝ «Տոյոտա»-ի․․․ չեմ կարող խախտել էս պահին որևէ մեկի անմեղության կանխավարկածը, համենայն դեպս՝ տեղում ինձ համար գոնե պարզ էր, որ ամենայն հավանականությամբ մեղավորը «Տոյոտա»-ի վարորդն է եղել»: Հարցին՝ վազա՞նց է փորձել կատարել, Սարգսյանն արձագանքեց․ - «Ամեն դեպքում, հարված է եղել ճակատ ճակատի»:

Նա հավաստիացրեց, որ փրկարարներն օգնության են հասել ժամանակին․ - «Ինձ մարզային փրկարար վարչության պետը տեղեկացրեց, որ կանչը ստանալուց անմիջապես հետո, հինգ րոպե անց իրենք եղել են դեպքի վայրում արդեն: Մնում է հարցը, թե կանչը ինչքան է ուշ եղել, մեր քաղաքացիները ինչքանով են ուշ արձագանքել և հայտնել այդ մասին»:

Գարիկ Սարգսյանը դրական պատասխանեց «Ազատության» հարցին՝ Արարատի՞ մարզի բնակիչներ էին բոլոր 6 զոհերն էլ․ - «Այո, հիմնականում մեր մարզի բնակիչներ էին»: