Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

Սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Երևանում ասուլիսի ժամանակ, 6-ը հուլիսի, 2019թ․

Ընդամենը մի քանի օր հետո՝ հուլիսի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանրահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը՝ նվիրված հոր՝ մեր լավագույն օպերային երգիչներից Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Այսօր Օպերային թատրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լիտվայում՝ Վիլնյուսում ծնված, երաժշտական կրթությունը թե՛ այնտեղ, թե՛ Իտալիայում ստացած, հետագայում աշխարհի լավագույն բեմերում օպերային արվեստի համաշխարհային գլուխգործոցներում իր կատարումներով փայլած, այսօր արդեն 39-ամյա սոպրանո Հասմիկ Գրիգորյանը շեշտում էր, որ, բնականաբար, երաժշտության հանդեպ սերն ու ոգևորությունը հորից ու մորից է ժառանգել: Մայրը լիտվացի հանրահայտ սոպրանո Իրենա Միլկյավիչույտեն է: Աշխարհահռչակ երգչուհին ասում էր, որ հայրն իր համար Հայաստանն է մարմնավորվել: «Այս համերգն ինձ համար չափազանց կարևոր է », - ասում էր Հասմիկ Գրիգորյանը և շեշտում․ - «Վերջին երեք տարիները հորս եմ նվիրել, թերևս այդ է պատճառը, որ դրանք այդքան արդյունավետ են եղել ինձ համար»:

Երգչուհին ընդգծում էր, որ իր համար չափազանց մեծ ուրախություն է հանդես գալ մեր Օպերային թատրոնում, որտեղ հայրն է աշխատել ու ստեղծագործել և որտեղ նրա հետ այսքան շատ մարդ է շփվել, և հիմա էլ իր համար անչափ կարևոր է հանդես գալ այս թատրոնում, ինչի համար հայրը շատ ուրախ պիտի լիներ: «Ես նրան հիշում եմ և սիրում», - ասում էր երգչուհին, որի ծնողներն ամուսնալուծվել են, երբ ինքը մեկևկես տարեկան է եղել: - «Հիշում եմ, երբ փոքր էի, հայրս մի շատ պարզ, բայց իմ կյանքում երբևէ լսած ամենահանճարեղ միտքն ասաց՝ կյանքը պետք ապրել այնպես, որ մարդիկ քո անունը ժպիտով արտաբերեն: Երբ փոքր էի, դա չէի հասկանում, բայց հիմա այն դարձել է ինձ համար բացարձակ կարևոր, բայց չափազանց բարդ փիլիսոփայական խնդիր»:

Ինչ վերաբերում է համերգային ծրագրին, ապա առաջին բաժնում կհնչեն Ռիխարդ Շտրաուսի երգերը, իսկ երկրորդ բաժնում՝ համաշխարհային օպերային ամենահայտնի արիաները:

Երգչուհին պատմեց, որ բոլորովին վերջերս է վերադարձել Իտալիայից, որտեղ Լա Սկալայում է հանդես եկել չափազանց բարդ դերերգով՝ Քոնգոլդի «Մեռած քաղաքը» օպերայում, այնուհետև մասնակցել է Ռիխարդ Շտրաուսին նվիրված փառատոնին, երևանյան համերգից անմիջապես հետո կմեկնի հյուրախաղերի Լոնդոն, Ռիգա, Զալցբուրգ և այլ քաղաքներ:

«Ազատության» հարցին՝ արդյոք առաջիկայում մեր Օպերային թատրոնում երգչուհին հանդես կգա՞ որևէ օպերային բեմադրության մեջ, Հասմիկ Գրիգորյանն արձագանքեց, որ դա կարող է տեղի ունենալ առնվազն հինգ տարի անց, որովհետև առաջիկա հինգ տարիներն ամբողջովին զբաղված են, և եթե այսօր պայմանավորվեն, այո ՝ հինգ տարի անց նա կարող է հանդես գալ այստեղ որևէ օպերային բեմադրության մեջ, որը, սակայն, բոլորովին նոր պիտի լինի և հենց իր համար բեմադրված: «Ես այլ կերպ չեմ աշխատում», - ասաց աշխարհահռչակ սոպրանոն:

Դե իսկ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն էլ հավելեց, որ իրենք արդեն իսկ այդ մասին մտածում են, բայց մինչ այդ չէին կարող չկազմակերպել Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը: «Հասմիկ Գրիգորյանը Հայաստանում է, հարազատ Օպերային թատրոնում, անչափ ուրախ ենք, որ նա ժամանակ գտավ այստեղ հանդես գալու համար համերգով՝ նվիրված իր հանճարեղ հոր հիշատակին, հուսանք, որ նրա հանճարեղ մայրն էլ ներկա կգտնվի հուլիսի 10-ին կայանալիք համերգին: Հասմիկ Գրիգորյանը հաղթահարում է իր անձնական Էվերեստի բարձունքները, և մենք բոլորս անչափ ուրախ ենք նրա մեծ հաջողությունների համար», - հայտարարեց Օրբելյանը: