Հայաստանի վարչապետը հանդիպեց Վիետնամի Ազգային ժողովի նախագահի, գործարարների հետ

Հայաստանի վարչապետի և Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հանդիպումը, Հանոյ, 6-ը հուլիսի, 2019թ․

Վիետնամ պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունեց Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանը:

«Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ արձանագրվող հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդման կապակցությամբ», - ասաց բարձրաստիճան պաշտոնյան:

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում ընդունվելու են վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման որոշումներ: «Պայմանավորվել ենք նիստի շրջանակում անցկացնել նաև բիզնես ֆորում, որը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը», - ասաց Փաշինյանը:

Այնուհետև Հայաստանի ղեկավարը հանդիպեց Վիետնամի գործարարների հետ: Հայաստանի առևտրաշրջանառությունն ասիական սոցիալիստական այս պետության հետ վերջին տարիներին աճում է, անցած տարի Հայաստանը Վիետնամից ներմուծել է 46 միլիոն դոլարի ապրանք, բայց Վիետնամ Հայաստանից 2018-ին արտահանվել է ընդամենը կես միլիոն դոլարի ապրանք:

Նիկոլ Փաշինյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ: «ՀՀ կառավարության նպատակն է երկիրը վերածել տեխնոլոգիական պետության: Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է հինգ անգամ: Ոլորտի զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ընթանում է ավելի արագ տեմպերով: Ուրախ եմ, որ մեր երկրների ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր», - ասաց վարչապետը:

Նա որպես համագործակցության հեռանկարային ճյուղեր նշեց նաև գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը: «Կարծում եմ` վիետնամցի գործարարների համար մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն նշածս ուղղություններով, այլ նաև հայկական խմիչքների` կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների` Վիետնամ արտահանելու առումով: Վստահ եմ, որ դրանք գին-որակ հարաբերակցությամբ կարող են մրցակցային լինել Վիետնամի շուկայում», - ասաց Փաշինյանը:

Խոշոր` Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod և մյուս ընկերությունների ղեկավարները ներկայացրեցին հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, այդ թվում` կոնյակ և գինի Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:

Նիկոլ Փաշինյանն այցելեց Հանոյում Հայաստանի դեսպանատուն, այստեղ վարչապետին սպասում էին խորհրդային տարիներին Հայաստանում ուսանած վիետնամցիները, որոնք հիմնել են «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» անվանումով կազմակերպություն: Նրանք հայերեն երգեր կատարեցին, ցանկություն հայտնեցին մասնակցել ԵՊՀ 100-ամյակի միջոցառումներին, վարչապետը հրավեր հղեց:

Այսպիսով Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ ավարտվում է, այստեղից Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը վաղը մեկնելու է Սինգապուր:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը, նա այսօր Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին: