Սահմանադրության օրը նշվում է սահմանադրական ճգնաժամի մասին իրարամերժ կարծիքների ֆոնին

Մասնագետների մի մասի հիմնավորմամբ, Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, մյուս մասը ճգնաժամ չի տեսնում։

2015 թվականի սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող Հայ ազգային կոնգրեսում ևս Սահմանադրական դատարանի ներկա իրավիճակը «ճգնաժամ» բառով են բնութագրում:

«Սահմանադրական դատարանի անդամները պետք է հասկանան, որ իրենք հրաժարական տալով լուծում են առաջացած ճգնաժամը, որովհետև դրանից հետո միգուցե իրենք ընտրվեն որպես Սահմանադրական դատարանի դատավոր արդեն: Ի՞նչն է խնդիրը: Ես կարծում եմ, պետք է բանակցել իրենց հետ այդ ուղղությամբ», - ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ճգնաժամի վերաբերյալ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն էր խոսել Կառավարությանը, Ազգային ժողովին և Դատավորների ընդհանուր ժողովին ուղղած նամակում։ Դրանում Գրիգորյանը հիմնավորել էր ճգնաժամի պատճառները:

Գրիգորյանի մեկնաբանմամբ, Սահմանադրական դատարանում ընդամենը երկու դատավոր կա․ մեկն ինքն է, մյուսը՝ Արման Դիլանյանը, իսկ մյուսներն անդամներն են, որոնք չեն կարող համարվել դատավորներ և որոշումներ ընդունել:

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոն վարիչ Վարդան Այվազյանը Գրիգորյանի հիմնավորումը սուբյեկտիվ մեկնաբանություն է համարում․ - «Տվյալ պարագայում նրա արտահայտած կարծիքը օբյեկտիվորեն ճշմարտության հետ որևէ աղերս չունի, և կարծում եմ, որ ամենևին անհրաժեշտություն չկա այդքան մեծ հնչեղություն հաղորդել այդ սուբյեկտիվ կարծիքին»:

«Եթե իրականում իշխանությունը փնտրում է իրավիճակից ելքեր և տեսնում է էդպիսի խնդիր, ապա պետք է ընդամենը նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների մի փոքր էպիզոդ և այդ անցումային դրույթների 213-րդ հոդվածի մեջ ավելացնել «դատավորի կարգավիճակով» բառերը․ Սահմանադրական դատարանի անդամը շարունակում է պաշտոնավարել դատավորի կարգավիճակով մինչև իր լիազորությունների ավարտը», - առաջարկում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Ղազինյանը:

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոն դոցենտ Սամվել Մուրադյանը, մինչդեռ, հիմնավոր է համարում Վահե Գրիգորյանի բերած փաստարկները, թե Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա։ Նրա կարծիքով, 2015 թվականի փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի անդամները դատավոր չեն դարձել․ - «Իրենց լիազորությունները 2015 թվականի սահմանադրությամբ տեղափոխվել է այս անցումային դրույթով հիմիկվա սահմանադրություն: Երբ որ համեմատում ենք 168-րդ հոդվածը, որտեղ տրված են Սահմանադրական դատարանի լիազորությունները, որոնք պատկանում են դատավորներին, էնտեղ էդ լիազորությունները ավելի շատ են՝ մոտ հինգ հոդված, քան էն լիազորությունները, որ 2005 թվականի փոփոխություններով տրված է Սահմանադրական դատարանի անդամին: Ստեղից էլ կոլիզիա ա առաջանում: Սահմանադրությունը չպետք է կոլիզիա ունենա, այսինքն՝ հակասություն»:

Սահմանադրական բանավեճի ֆոնին հատկանշական են Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվել չցանկացող Հրայր Թովմասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Մայր օրենքի օրվա առթիվ հղած ուղերձները:

Թովմասյանը համզոված է, որ ուժեղ, ժողովրդավար և զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների և Սահմանադրության գերակայության պայմաններում:

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ընդգծել է, որ իշխանությունները բացառելու են սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի են կոչելու Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը:

«Բոլոր ժամանակներում Սահմանադրությունը պետք է մնա համախմբող առանցք մեր հասարակության, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների համար», - ասել է նա:

2015 թվականի Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած և դրանց արդյունքում նախագահի պաշտոնում երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո երրորդ անգամ արդեն որպես վարչապետ առաջադրվելու հնարավորությունը ստացած Սերժ Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է Սահմանադրությունը պաշտպանելու կարևորության մասին՝ անկախ այն հանգամանքից, որ որոշ շրջանակներն այն վատն են համարում, մյուսները՝ լավ։

«Գիտեք, մեզնից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ և փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը։ Ինչ կա՝ մեզ համար պարտադրող է», - ասել է անցած տարի վարչապետի պաշտոնից հեղափոխության արդյունքում հրաժարական տված Սարգսյանը: