ՍԴ անդամները չեն կարող անկողմնակալ քննել Քոչարյանի և Խաչատուրովի պաշտպանների դիմումները. Տիգրան Եգորյան

Տիգրան Եգորյան, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամները չեն կարող անկողմնակալ քննել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանների դիմումները, վստահ են Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդները:

Նրանց ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան այդ գործերի քննությանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամի մասնակցության անհնարինության վերաբերյալ: Նրանք պետական քաղաքական պաշտոններ են զբաղեցրել, կայացրել են որոշումներ, որոնք առնչվել են մարտիմեկյան իրադարձություններին, հիմնավորում է Տիգրան Եգորյանը:

«Ես համոզված եմ, որ այդ մարդիկ անաչառ և անկողմնակալ չեն և չեն էլ կարող լինել։ Նրանց վերջին 15 տարվա կյանքն է ապացուցում և ցուցադրում», - նշեց Եգորյանը։

Դիմումում, մասնավորապես, հիշատակված է Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասին: Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը համոզված է, որ նրանք չեն կարող անկողմնակալ քննել գործը:

«Սահմանադրական դատարանի անդամները բոլորս լավ ճանաչում ենք ովքեր են. Հրայր Թովմասյան՝ Հանրապետական կուսակցության անդամ, կարկառուն դեմքերից մեկը, Գյուլումյանը եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր և ինչ գործեր է արել մեր գլխին՝ քանի տարի ուշացրել է Մարտի 1-ի գործերը։ Մենք չենք վստահում բոլորին, որ քննեն Քոչարյանի գործը, անկողմնակալ գործողություն կծավալեն։ Դա է պատճառը, որ մենք դիմում ենք տվել», - նշեց Սարգիս Քլոյանը։

Տիգրան Եգորյանը ծավալուն և մանրամասն ներկայացրել է, թե ինչո՞ւ դիմումում հիշատակված ՍԴ անդամները չեն կարող մասնակցել գործի քննությանը: Օրինակ՝ Հրայր Թովմասյանն, ըստ Եգորյանի, նախկին իշխանություն Հանրապետական կուսակցության անդամ է եղել և Մարտի 1-ի գործով նրանց գաղափարակիցը։

«Ըստ էության, նա կիսել է և պայքարել է այդ կուսակցության իշխանության օրոք մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ձևավորված ողջ դիրքորոշումների և քաղաքականության, այդ թվում նաև գործողությունների ու անգործության, նույնիսկ չգիտեմ էլ ինչ ասեմ, մարտավարությունը, թե ռազմավարությունը, ոնց է իրանց համար դա եղել, ինչ է իրանց համար դա եղել, որի շրջանակներում որևէ կերպ արդյունավետ քննություն չէր իրականացվում», - ընդգծեց Եգորյանը։

Ալվինա Գյուլումյանը վայելել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հովանավորությունը, ըստ Եգորյանի: Ավելի քան տասը տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչն է եղել Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի օրոք՝ 2003-ից մինչև 2014 թվականը։ Որից հետո Սերժ Սարգսյանը նրան նշանակել է Սահմանադրական դատարանի անդամ, հիշեցնում է Տիգրան Եգորյանը։

«14 թվականին առանց որևէ ավելորդ օրեր կորցնելու միանգամից նշանակվել է նույն Սերժ Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի անդամ։ Հիմա հասկանալի է չէ՞, որ էս մարդը ակնհայտ, կոնկրետ հովանավորչություն ունի այս երկու ժամանակի նախագահների կողմից», - նշեց Տիգրան Եգորյանը։

Սահմանադրական դատարանի անդամներ Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի առնչությունը այս թեմային դեռևս 2008 թվականին է եղել, ասում է Տիգրան Եգորյանն ու հիշեցնում. «Էս մարդիկ կայացրել են որոշում արտակարգ դրության պայմաններում, էս մարդիկ կայացրել են որոշում, որն, ըստ իրենց գործընկերոջ, պարտադրվել է իրանց»։

Տիգրան Եգորյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանը չի կարող հաշվի չառնել Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների դիմումը և դրան ընթացք չտալ: ՍԴ-ից դեռևս արձագանք չկա: Ալվինա Գյուլումյանն ասաց՝ մամուլից է տեղեկացել այդ դիմումի մասին: Արձագանքեց միայն իրեն ուղղված մեղադրանքներին:

«Ինձ նշանակել է և՛ Կարեն Դեմիրճյանը, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը չի նշանակել, ընդամենը երեք թեկնածուների մեջ ներկայացրել է նաև իմ թեկնածությունը, ընդ որում՝ կնոջ թեկնածությունը պարտադիր էր։ Եվրոպայի խորհրդի պառլամենտական վեհաժողովն է, որ ձայների բացարձակ մեծամասնությամբ ինձ ընտրեց երկու անգամն էլ։ Դրան հետևելով՝ վերջին նախագահն էլ է նշանակել։ Հիմա որի վերաբերյալ գործ քննվի, ես պետք է ասեմ՝ ես չեմ կարո՞ղ», - ասաց Գյուլումյանը։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանն էր աշխատակարգային որոշում ընդունել, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի պաշտպանների դիմումների քննությանը անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ: Մինչև ընտրվելը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն էր նաև ՄԻԵԴ-ում:

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները Սահմանադրական դատարան են դիմել նրանց առաջադրված մեղադրանքի 300․1 հոդվածի սահմանադրականությունը պարզելու համար: Նրանց դիմումը վարույթ ընդունվել է, գործի քննությունը օգոստոսի 26-ին է: