Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը Սևանի ծաղկման պատճառներն է թվում՝ մեծ մասը մարդու գործունեության հետևանքն են։ Լճին կապատականաչավուն գույն հաղորդող ջրիմուռների տարածման գլխավոր պատճառներից մեկը Սևան թափվող կոյաջրերն են․ - «Էսպես որ շարունակվի, մենք կարող ենք Սևանը կորցնել, որպես քաղցրահամ ջրի ջրավազան: Սա միակն է մեր տարածաշրջանում»:
Մինչդեռ կառավարության դեռևս 2006 թվականի որոշմամբ, Սևանի հարակից տարածքների բնակավայրերից և օբյեկտներից դուրս եկող և լիճ թափվող կոյաջրերը պետք է կենսաբանական մաքրման ենթարկվեն։ Այսինքն՝ նույն լճի ափին գործող ռեստորաններում կոյաջրեր մաքրող կենսաբանական կայաններ պետք է լինեն։
Իսկ այս տարիներին, ըստ «Սևան ազգային» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արայիկ Հունանյանի, լճի ափին գործունեություն ծավալող մի քանի հարյուրի հասնող տնտեսավորղներից միայն մի քանիսն են նման կայաններ տեղադրել։
Դրանց տեղադրման համար իշխանությունները հստակ ժամկետներ չեն սահմանել․ - «Հենց հիմա էլ եթե բոլորը միանգամից անեն, շատ լավ: Բայց տնտեսվարողների հնարավորությունների խնդիր է»:
Կոյաջրերի մաքրման կենսաբանական կայաների տեղադրման համար կառավաարությունը հստակ ժամկետ պետք է սահմանի։ Փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը համոզված է, որ հակառակ պարագայում տնտեսվարողները կշարունակեն գործունեությունն առանց կայանների, իսկ այդ ընթացքում լճին բնապահպանական մեծ վնաս կհասցվի․ - «Գետերի բերած ջուրը ինչ-որ տեղ ինչ-որ ձևով ճանապարհ է անցնում, ու էդ կոյուղաջրերը ինչ-որ ձևով ինքնամաքրվում են: Լրիվ չէ, բայց ինքնամաքրվում են: Իսկ էստեղ մենք անմիջապես կոյուղու կեղտաջրերը, լվացքաջրերը, ռեստորանների ջրերը, էդ բոլորը լցվում են ուղիղ Սևան: Դա անթույլատրելի է: Մենք պետք է անհապաղ, եթե ուզում ենք Սևանը փրկել, մենք պետք է վերացնենք կեղտաջրերի մուտքը դեպի Սևան»:
Փորձագետները Սևանից իրականացվող ջրառն են նաև կապում կապտականաչավուն ջրիմուռների տարածման հետ։
Լճից տարեկան 170 մլն խմ ջրառ է իրականացվում։ Քնարիկ Հովհաննիսյանը համոզված է, որ Սևան ավելի քիչ ջուր է լցվում, քան վերցվում է ջրառի համար․ - «Սևան թափվող 28 գետերը, որ հոսք են բերում, որը կազմում է տարեկան 170 միլիոն խորանարդ մետր, իմ համոզմամբ, դա էդքան հիմա չի կազմում: Մենք ունենք գլոբալ տաքացում, ջրի ջերմաստիճանի տաքացում, ջրի քանակությունն է պակասել»:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի վստահեցմամբ, որքան հնարավոր է եղել, ջրառը նվազեցվել է։
Նախարարն ասում է, թե կապտականաչավուն ջրիմուռների ակտիվացման պատճառներն հասկանալու համար հետազոտություններ են արվել, որոնք կշարունակվեն մինչև պարզվի, թե ինչի հետևանք է Սևանին տարօրինակ գույն հաղորդող ջրիմուների ակտիվացումը․ - «Կոմունալ-կենցաղային կեղտաջրեր, ցանցավանդակ, կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր, գյուղատնտեսություն, անասնապահություն, ջրածածկ բուսային տարածքներ, հատակային նստվածքներ ու մի քանի խնդիրներ կան: Լայնածավալ ուսումնասիրություններ կիրականացվեն, կհայտնաբերվեն հիմնական աղբյուրները որոնք են, և գործողություններ կիրականացվեն՝ հիմնված արդեն այդ գիտական հետազոտությունների վրա»:
Փորձագետները կապատականաչավուն ջրիմուռների ակտիվացումը պայմանավորում են նաև ձկան, խեցգետնի պաշարնների նվազմամբ ու բարձր ջերմաստիճանով։ Անցած տարի ևս Սևանում նույն խնդիրն էր ծագել։
Նախարար Գրիգորյանը հիշեցրեց, որ կապատականաչավուն ջրիմուռները 1964 թվականին էլ են նման մաշտաբներով ակտիվացել։
Իսկ այս տարվա մաշտաբների մասին արբանյակից արված կադրերն են խոսում։ Սևանի գրեթե կեսը կանաչ գույն ունի, իսկ դա միայն բնապահպանական բացասական ազդեցություն չի ունենում։ Ջրիմուռների ակտիվացումից տուժում են նաև լողափերում գործունեություն ծավալող գործարարները։
Մասնագետներն վստահեցնում են՝ տարօրինակ գույն ունեցող ջրիմուռները 7-10 օրվա ընթացքում կքայքավեն ու կվերանան։