Գյումրիում նշում են Մհեր Մկրտչյանի ծննդյանը օրը

Մհեր Մկրտչյանը այսօր կդառնար 89 տարեկան: Մեծ դերասանի մահից քառորդ դար անց էլ նրա հայրենի քաղաքում չեն մոռանում նշել մեծ վարպետի ծննդյան օրը:

Գորկու այգում, որտեղ նկարահանվել էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմի՝ Ռուբենի ու Վարդուշի լուսանկարվելու հայտնի դրվագը, այսօր վերաբացվեց հենց այդ դեկորը: Հատուկ հրավիրվել էին Վարդուշի ու Արմենի դերակատարները՝ Էլինա Աղամյանը և Սամվել Սարգսյանը:

Էլինա Աղամյանը վերհիշեց, որ ֆիլմում նկարահանվելու՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հրավերը անսպասելի էր, բայց նրանից նեղացել էր, քանի որ ֆիլմում իր ձայնը փոխել էին․ - «Ալբերտ Մուշեղիչին ասացի՝ երբեք չեմ մոռանա դա, որովհետև Դուք զրկել եք ինձ իմ իսկությունից: Ֆիլմի կեսը դա ձայնն է դերասանի: Ալբերտ Մուշեղիչը ասեց՝ Էլինե ջան, ախր, արիստոկրատ է, շատ ինտելիգենտ է հնչում: Ու ես դա էդ ձևով հասկացա, արդեն հաշտվեցի էդ մտքի հետ»:

Ֆիլմի նկարահանումներից 35 տարի անց երկու դերասանները պատմեցին կադրից դուրս մնացած դրվագները:

Սամվել Սարգսյան․ - «Էն որ բուդկի մոտ կանգնած Ֆրունզը ստիպում ա ինձ, տեքստն էլ լավն ա, ասում ա՝ դերասան ես, պըտի խմես: Ասեցին, թե մի դուբլ էլ ընտեղից պտի նկարեք: Ֆրունզն էկավ, փրկեց: Ասեց՝ այդ տղա, ինչ կուզես էս տղուց, հերիք է, լավ է, Սամվել ջան, գնա»:

Էլինա Աղամյան․ - «Էնտեղ Ֆրունզիկը ապտակում է Վարդուշին: Օդում էր ապտակում: Ասի՝ Ֆրունզե Մուշեղիչ, իրական ապտակեք, մի կարգին խփեք, որ ես զգամ: Հա՞, ասեց, ուզում ես կարգի՞ն, էնպես զարկեմ, որ աչքերիցդ կրակ թափվի»:

«Մեր մանկության տանգոն» ռեժիսորի և գլխավոր դերակատար՝ եղբայրներ Ալբերտ ու Մհեր Մկրտչյանների ընտանիքի պատմությունն էր:

Երիտասարդ դերասան Արմենի կերպարը հենց Ֆռունզն էր: Սամվել Սարգսյանը խոստովանում է՝ դժվար էր մարմանավորել երիտասարդ Ֆռնունզին․ - «Դվժար էնքանով, որ դու պիտի խաղաս Ֆրունզի ջահելությունը: Մանավանդ որ ոչինչ չես տեսել: Մարդիկ կային, որոնք էդ ժամանակվանից մնացել էին քաղաքում, տեսել էին և՛ Ֆրունզի մորը, և՛ Ֆրունզին, և՛ հորը»:

Այգում տեղադրված դեկորը անցած տարի վնասել էին: Նախաձեռնության հեղինակ Արթուր Գալստյանը ով, ի դեպ, անցած տարի Մարամաշենի վանական համալիրի տարածքում «Հեղնար աղբյուրը» վերաբացեց, ասաց, որ պատրաստ է նույնիսկ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը վերականգնել, բայց քաշքշուքների է հանդիպել․ - «Շենքը մի քանի հոգու է պատկանում, խնդիր կա, ինչ կա: Ես առաջարկեցի հավաքել բոլորին, թող էդ հատվածը հատկացնեն, թույլ տվեք վերանորոգենք: Անփոս ա»:

Մհեր Մկրտչյանի արձանին դերասանները ծաղիկներ խոնարհեցին հետո այցելեցին թանգարան:

Վարդուշի դերակատարն առաջին անգամ էր թանգարանում ու ֆիլմից հարազատ մահճակալը գտավ:

Մհեր Մկրտչյանի թանգարանը 12 տարվա կենսագրություն ու 1600-ից ավելի ցուցանմուշներ ունի: Այս տարի թանգարաններից առաջինն է, որտեղ այցելուն կարող է առանց գիդի վիրտուլ շրջել ու ծանոթանալ ամեն մի ցուցանմուշի պատմությանը:

«Մենք կլինենք առաջին ինտերնետ տուր ներկայացնող թանգարանը», - ասաց թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը: