Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 100-ամյակը

Ճիշտ 100 տարի առաջ՝ 1919 թվականի հուլիսի 4-ին է գրադարանը պետական կարգավիճակ ստացավ՝ ձևավորվելով դեռ 1832-ին հիմնադրված Երևանի Արական գիմնազիայի գրադարանի հիմքի վրա:

Այսօր այն հանդիսանում է աշխարհում հայերեն գրականության ամենախոշոր պահոցը՝ ամբարելով ավելի քան 7 միլիոն գիրք:

Ամենահին գիրքը 1512 թվականին Հակոբ Մեղապարտի տպագրած հայերեն առաջին գիրքն է ՝ Ուրբաթագիրքն է:

«Ազգային գրադարանի կարևոր գործառույթներից մեկն էլ պետք է լինի հենց գիտական գործունեությունը: Ցավոք, մեր ազգային գրադարանը գիտական գործունությամբ զբաղվել է միայն մատենագիտության բաժնի շրջանակներում: Բայց մատենագիտությունը դեռ էն գիտությունը չէ: Այսինքն, վերլուծական գիտություն, գիտական կենտրոն գրադարանը չի եղել և պետք է դառնա անպայման: Կրթական կենտրոն պետք է դառնա: Էսօր գնացեք հասարակության մեջ տասը հոգու հարցրեք՝ ազգային գրադարանը որտե՞ղ է, տեղը անգամ չեն իմանա: Բայց երեխաները դպրոցական հասակից պետք է Ազգային գրադարանի տեղը իմանան: Մենք էդ խնդիրն ունենք, և դա կարող ենք լրացնել Ազգային գրադարանի Գրատպության թանգարանի շնորհիվ, որտեղ պահվում է Ուրբաթագիրքը՝ առաջին տպագիր գիրքը: Երեխաներին Ուրբաթագիրքը անցնելու ժամանակ հրավիրել, բերել Ազգային գրադարան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:

Ազգային գրադարանը հուլիսի 2-ից տվել է հոբելյանական ձեռնարկների մեկնարկը: Դրանք կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Հոբելյանական ծրագիրը շատ ուշագրավ է՝ իր մեջ ներառելով տարբեր նոր ցուցահանդեսներ, հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, գիտական ընթերցումներ, դասախոսություններ և այն:

Այսօր Ազգային գրադարանում բացվեց մի շատ հետաքրքիր ցուցահանդես, որը կրում է «Գրադարանի պատմությունը լուսանկարներում» խորագիրը: Ներկայացված մոտ մեկդարյա լուսանկարները տրամադրել է Ազգային գրադարանի արխիվը:

Այսօր նաև Ազգային գրադարանն ու «Անտարես» հրատարակչությունը համատեղ մրցանակաբաշխություն էին կազմակերպել, որի ընթացքում նախատեսված էր տասը լավագույն ընթերցողների ու տասը լավագույն գրողների հանդիպումը: Միջոցառման ընթացքում տարբեր խրախուսական մրցանակներ հանձնվեցին:

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Ազգային գրադարանի դերին վերջին հարյուրամյակում՝ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը շեշտեց․ - «Այստեղ գալիս ես այն վստահությամբ, որ ամեն ինչ կա: Ուզածդ գիրքը քո առջև բացվում է: Այս գրքերով ամբարված տարածությունը ստեղծում է յուրահատուկ աուրա, որտեղ աշխատելն է հեշտ, որտեղ հարաբերվելն է հեշտ, շփվելն է հեշտ: Ես ինքս գիտեմ ինչքան մարդիկ են էստեղ ծանոթացել, սիրահարվել, ընտանիք կազմել և այլն, և այլն: Այնպես որ, Ազգային գրադարանը գնահատելը, կարծում եմ, մեր ուժերից վեր գործ է: Պետք է վերաբերվել Ազգային գրադարանին սրբության սրբոցի պես, որպես մեր գերագույն հարստություններից մեկը»:

Արձակագիր Արամ Պաչյանը «Ազատության» հետ զրույցում խոսելով Ազգային գրադարանի դերի մասին ՝ ասաց․ - «Գանձարան է եղել ինձ համար, մտքի շտեմարան, հոգեղենության ու մտքի հարատևության խորհրդանիշ: Իսկապես շատ սիրելի վայր է, և շատ եմ ուզում, որ իր ապագան ավելի կատարելագործվի, ու վստահ եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև ընկերոջս՝ Հրաչյա Սարիբեկյանին հավատում եմ: Գիտեմ, որ իր տնօրինության տակ ամեն ինչ լավ կլինի»:

Այսօրվա միջոցառումներին ներկա էր և խոսք ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Մինչև միջոցառման մեկնարկը «Ազատությունը» նախարարին խնդրեց գնահատել այսօր Ազգային գրադարանի դերը և ներկայացնել առաջիկայում զարգացման հնարավորությունները և ուղիները:

«Ես կարծում եմ, որ տեխնոլոգիաների զարգացման այս փուլում իրականում մենք գրադարանների վերաիմաստավորման կարիք ունենք: Գրադարանները պետք է վերածվեն մշակութային կենտրոնների, որտեղ նոր միտք է գեներացվում, նոր գաղափարներ են գեներացվում, քննարկումներ, բանավեճեր: Դասական գրադարանները արդեն դադարում են գոյություն ունենալ: Հին կերպ աշխատանքի կազմակերպումը այլևս արդիական չէ, բայց գիտեմ, որ Ազգային գրադարանի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է մեծ մնալ», - ասաց նախարարը՝ շարունակելով․ - «Մենք պետք է դուրս գանք գրադարանների էն խեղճ վիճակից, որ ունեցել ենք: Ես տարիներ շարունակ, սկսած ուսանողական տարիներից հաճախ եմ այցելել Ազգային գրադարան, և միշտ ինձ տխրեցրել է էն նյութատեխնիկական վիճակը, որ ունեցել է գրադարանը: Եվ հիմա, երբ որ մշակութային կենտրոններին, ուսումնական կենտրոններին լրացուցիչ կապիտալ ֆինանսավորում է տրվում, նման հնարավորություն է ստեղծվում: Բայց մենք պետք է վերաիմաստավորենք գրադարանների դերը և առաջին հերթին հասկանանք, թե նման ներդրումների դեպքում մենք ինչ արդյունք ենք ստանալու: Եթե իմանանք արդյունք ենք ստանալու, կարծում եմ, գումարներ կգտնվեն»: