Կոսովոն արգելում է սերբ պաշտոնյաների մուտքը երկիր, ինչը Սերբիայի և իր նախկին շրջանի միջև հարաբերություններում նոր լարվածության պատճառ է դարձել:
Պրիշտինան «թույլ չի տա Բելգրադից որևէ պաշտոնյայի այցելել Կոսովո», - հայտարարել է Կոսովոյի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեթլիր Զիբերաջը՝ հավելելով, որ այդպիսով իրենք պատասխանում են «Կոսովոյի և իր քաղաքացիների մասին ստահոդ տեղեկատվությանն ու քարոզչությանը»: Դիվանագետը Բելգրադին նաև մեղադրել է Կոսովոյի սերբաբնակ շրջանում այսպես կոչված «հումանիտար ճգնաժամ» ստեղծելու մեջ:
Սերբիայի իշխող կուսակցության պատգամավոր Միրոսլավ Լազանսկին հայտարարել է, որ Կոսովոյի այդ քայլը «լրջորեն կվնասի երկկողմ հարաբերությունները»: Սերբ պատգամավորի խոսքով՝ Բելգրադի հայելային պատասխանը չի ուշանա:
Մեծամասամբ ալբանացի ազգաբնակչություն ունեցող Կոսովոն անկախություն է հռչակել 2008 թվականին, և չնայած աշխարհի 110 երկիր ճանաչել է այն, Բելգրադը հրաժարվում է: Տարաձայնությունները կարգավորելու հարցով Եվրամիության միջնորդությամբ բանակցությունները փակուղի են մտել, և երկու հարևանները հաճախ են ընդհարվում դիվանագիտական հարթակներում:
Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ անցյալ տարվա նոյեմբերին Պրիշտինան 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանեց սերբական ապրանքների համար: