Ռուսաստանում սուզանավի հրդեհի հետևանքով զոհվածները բարձրաստիճան ծովայիններ էին

Ռուսաստան - Փրկարարական նավ և սուզանավ ՌԴ Հյուսիսային նավատորմի ռազմակայանում, Սևերոմորսկ, 3-ը հուլիսի, 2019թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հուլիսի 1-ին Բարենցի ծովում սուզանավում զոհված 14 ծովայինների զբաղեցրած պաշտոնները և կոչումները: Զոհվել են 7 առաջին աստիճանի կապիտաններ, նրանցից երկուսը՝ Ռուսաստանի հերոսներ, 3 երկրորդ աստիճանի կապիտաններ, 2 երրորդ աստիճանի կապիտաններ, կապիտան-լեյտենանտ և բժշկական ծառայությունների փոխգնդապետ: Զոհվածների անունները այս պահին դեռևս հրապարակված չեն:

Պարզ չէ, թե այդքան շատ բարձրաստիճան ծովայինները, կապիտանների այդ խումբը միասին ինչ էին անում մեկ սուզանավում, ինչ գործողության էին մասնակցում, ինչ խնդիր էին իրականացնում, կամ ինչ էր փորձարկվում՝ այդ ամենի մասին ոչինչ չի հաղորդվում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե սուզանավին և նրա գործողություններին վերաբերող տվյալները պետական գաղտնիք են պարունակում, այդ մասին չի հաղորդվի:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է ծովայինների հերոսության մասին: «Կրիտիկական իրավիճակում սուզանավի ծովայինները գործել են հերոսաբար, հրդեհով բռնկված տարածքից նրանք առաջին հերթին դուրս են բերել արդյունաբերության քաղաքացիական անձին, նրա հետևից փակել են լյուկը, որպեսզի թույլ չտան, որ հրդեհը տարածվի ամբողջ սուզանավով, իսկ իրենք մինչև վերջ պայքարել են սուզանավը փրկելու համար, իրենց կյանքի գնով կատարել են խնդիրը, հրդեհի օջախը մարել են, փրկել են իրենց ընկերներին և սուզանավը», - ասել է Շոյգուն:

Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ քաղաքացիական մասնագետին փրկել է երկրորդ աստիճանի կապիտան Դմիտրի Սոլովյովը: Մյուս զոհվածների անունները նախարարությունը խոստացել է հրապարակել ավելի ուշ:

Պաշտոնապես չի բացահայտվում նաև, թե ինչ տեսակի սուզանավ է վթարի ենթարկվել: Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը գերգաղտնի սուզանավի մասին է, խորը սուզվող սարքի մասին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ հատուկ սուզանավը ատոմային է, այն կոչվում է «Կալիտկա» և նաև կեղծանուն ունի՝ «Լոշարիկ»:

Սուզանավը տեղափոխվել է Սևերոմորսկ քաղաքի բազա՝ դա Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի կենտրոնակայանն է: Սևերոմորսկը փակ քաղաք է, լրագրողները հնարավորություն չունեն գտնելու զոհվածների հարազատներին, նրանցից գոնե անունները և այլ մանրամասներ ճշտելու:

«Տելեգրամ-Կանալ»-ը 14 մարդու և նրանց պաշտոնների ցանկ է հրապարակել՝ ասելով, թե նրանք են զոհվածները: Ըստ «Տելեգրամ-Կանալ»-ի լուրերի՝ զոհվածների անունները հրապարակվելու են Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովսկի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են նաև 2000 թվականին կործանված «Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի անդամները: