«Տատիկը, որ դժգոհ չի, խի՞ են տարել քաղմաս». Թոշակների շուրջ սկանդալ տուն-ինտերնատում

Թիվ մեկ տուն-ինտերնատում երեկ թոշակ բաժանելու օր էր, և այն ավարտվել է Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։ Փոխտնօրեններից Արամ Խաչատրյանն ասում է՝ տեղեկություն ունեին, որ այստեղ խնամվողներից մեկը տարեցներից Վալենտինա Անդրեևայի թոշակն է վերցնում ամեն ամիս, նկարահանել են պրոցեսը:

«Թե ոնց է մոտիկանում Ժաննայի սենյակին, մտնում է Ժաննայի մոտ ու գումարը փոխանցում է Ժաննային։ Այդ ամեն ինչը տեսնելուց հետո զանգահարել եմ ոստիկանություն, բնականաբար, քանի որ ինքը իրա մեջ կարար պարունակեր նաև հանցագործություն», - նշեց Խաչատրյանը։

Տեսանյութը, որում երևում է տատիկի թոշակ ստանալն ու տիկին Ժաննայի սենյակ ուղևորվելը, նույնպես իրավապահներին են հանձնել։ Երեկ մինչև ուշ երեկո կողմերը ոստիկանությունում էին։ Տիկին Ժաննան այսօր առավոտյան դուրս է եկել Թիվ մեկ տուն-ինտերնատից՝ դեպի տարբեր գերատեսչություններ։

«Դիմել եմ բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի այս խնդիրները վերջնականապես գոնե լուծում ստանան», - ասաց Ժաննա Հարությունյանը։

Տիկին Ժաննան պնդում է՝ Վալենտինա տատիկի թոշակը հինգ-վեց ամիս ինքն է ստանում և նրա համար գնումներ է անում, տատիկը դժգոհ չէ։

«Խեղճ տատիկ, քարշ են տվել ընդե։ Տատիկը, որ չի բողոքում, խի՞ է հասել քաղմաս», - ընդգծեց Հարությունյանը։

Իսկ պատմությունը սկսվել է այսպես. «Մարտ ամսից Վալենտինա տատիկը՝ ինքը անձամբ, բերեց իմ սենյակը, խնդրեց ինձ, ընդամենը իր թոշակը 12 հազար է, էդ էլ ասեմ, հանկարծ չիմանան գլոբալ գումար է, ինձ խնդրեց, որ իր համար ուտելիք առնեմ. և՛ խանութների աշխատողները, և՛ շրջիկ մթերք վաճառողները, բոլորը կարող են հավաստիացնել»։

Տիկին Ժաննան պնդում է՝ տուն-ինտերնատի տնօրինությանը զայրացրել է այն, որ ավանդաբար այնտեղ որոշ տարեցների թոշակներ սանիտարների միջոցով իրենք են ստացել ու մեջ-մեջ արել. «Դրանից առաջ գումարը վերցնում էր Վալենտինայից ամբողջությամբ ու մի կոպեկ, անգամ մի տուփ սուրճ Վալենտինայի համար չէր առնում։ Խի՞, որ էդ կնոջ փողը իրա վրա է ծախսվում, էդի ի՞նչ ա, դատական գո՞րծ է, թե՞ իրանց բերանը չի հասնում կեսն էլ, էդ ա իրանց վառում, դրա համար երեկ տարան ոստիկանություն»։

Տուն-ինտերնատի փոխտնօրենն ասում է՝ նման մեղադրանքներ նախկինում էլ եղել են, տնօրենն ինքն է դիմել ոստիկանություն, քրեական գործ է հարուցվել և ամբողջությամբ կարճվել։ Պնդում է՝ «Հայփոստ»-ից վերցվել ու ստուգվել են բոլոր ստորագրությունները։

«Բացառվում է, որ կազմակերպության՝ տուն-ինտերնատի աշխատողներից որևիցե մեկը ինչ-որ մեկի թոշակը վերցնի», - նշեց Խաչատրյանը։

Տուն-ինտերնատում թոշակ բաժանում է հենց փոստատարը՝ առձեռն, առաջին հարկի սենյակներից մեկում, անկողնային հիվանդներին փոստատարն է մոտենում։ Ծերանոցում խնամվողները ստանում են միայն աշխատանքային թոշակ, բազայինը պահվում է։ Փոխտնօրենն ասում է՝ օրինակ, Ժաննա Հարությունյանը երբեք չի աշխատել ու թոշակ չի ստանում, բայց շռայլ գնումներ է անում, նաև դա է իրենց կասկածելի թվացել։

«Մշտապես շրջում էր տաքսիներով, միշտ ինչ-որ բաներ կարող է գներ, գար։ Ինքը արդեն կասկածելի էր, եթե մարդ գումար չունի, ի՞նչ միջոցներով է դա անում», - ընդգծեց փոխտնօրենը։

Տատիկը, որ ամեն ամիս իր բաժին 12 հազարը տիկին Ժաննային է տալիս, չի բողոքում, հաշտություն է ուզում։ Չգիտի էլ տարածքում խանութ կա, թե ոչ, իրեն անհրաժեշտ իրերը միշտ գնել է այս հարկաբաժնի աշխատակիցների միջոցով, մինչև հայտնվել է տիկին Ժաննան։

«Ինքն էլ, ես էլ համաձայնվել ենք, որ փողն իրեն տամ։ Լվացքի փոշի է բերում, այն, ինչ անհրաժեշտ է՝ աղ, սոդա», - նշեց Վալենտինա Անդրեևնան։

Վալենտինա տատիկը ցույց տվեց այն ամենն ինչ երեկ՝ թոշակ ստանալու օրն է բերել տիկին Ժաննան՝ մանանեխի փոշի, բիբար ու երկու պոմիդոր։

Հարցին, թե ի՞նչ արժե, պատասխանեց. «Չգիտեմ, երբեք չեմ հարցնում»։

Երեկ թոշակ է ստացել, այսօր Վալենտինա տատիկը կոպեկ չուներ. «12 ռուբլի եմ ստացել, ամբողջը տվել եմ, դե մի օրում ամբողջը չի գնելու»։

Տատիկի սենյակակիցներից Էմմա Ալաբյանն էլ գործարքին կողքից է հետևում։ Վալենտինա տատիկի մասին ցավով է խոսում, ասում է ՝ վատառողջ է, բայց սենյակի մաքրությամբ էլ է զբաղվում։

Տուն-ինտերնատում խնամվողների թոշակը միշտ է քննարկման թեմա դարձել, հաճախ թոշակ տալու օրը այստեղ նաև տարեցների հարազատներն են հերթ կանգնում։ Սեփական աշխատանքային թոշակը վայելում են հազվագյուտ հաջողակները։