«Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները միանշանակ չեն ընկալվում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում, այդ թվում նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է:

Այժմ լրագրողներն ու փորձագետներն իրենց հրապարակումներում իրավաբանական անձանց մասին տվյալներ ստանալու համար վճարում են պետական տուրք՝ 3000 դրամ յուրաքանչյուր ընկերության համար: Նախարարությունն առաջարկում է զանգվածային լրատվության միջոցներին ազատել այդ տուրքից, սակայն լրատվամիջոցները պետք է հաշվառվման ընթացակարգ անցնեն։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ այս նախաձեռնությունը հետադիմական մոտեցումներ ունի և հակասում է լրատվական դաշտը կարգավորող օրենքների բարեփոխման հայեցակարգային սկզբունքներին․ - «Գրանցման ինստիտուտը, կամ հաշվառման ինստիտուտը, ինչպես այդ փաստաթղթում է նշվում, ընկալվում է որպես գործիք իշխանության, ցանկացած իշխանության մասին է խոսքը, լրատվամիջոցների դեմ օգտագործելու, դրանց գրանցումը, դրանց գործունեությունը կաշկանդելու: Եվ սա պետք է ոչ միայն մեր, այլև առհասարակ հասարակության համար կարևոր թեմա լինի, որովհետև խոսքը գնում է նաև տեղեկատվության ազատության մասին»:

Մելիքյանն ընդգծում է, որ ոլորտի զարգացման համար լրատվամիջոցների գրանցման կամ հաշվառման անհրաժեշտություն չկա։ Նրա կարծիքով, զանգվածային լրատամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության մեջ գրանցման կամ հաշվառման ինստիտուտի բացակայությունը դիտարկվում է որպես ԶԼՄ-ների գործունեության ազատության կարևոր մասնիկ։

Իսկ հաշվառման ընթացակարգի կիրառումը կգնահատվի որպես հետընթաց, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Ըստ Մելիքյանի, ոչ միայն լրագրողների համար պետք է անվճար դարձվի էլեկտրոնային ռեգիստրից օգտվելը, այլև հասարակության բոլոր անդամների. - «Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, պետք է օգտվեն բոլոր քաղաքացիները, մինչև 10 էջ տեղեկատվությունը պետք է լինի անվճար, 10-ից ավելը՝ վճարովի։ Այ սա կլինի ժողովրդավարական հասարակությանը հարիր լուծում: Ես կարծում եմ, որ իշխանությունները որոշ խորամանկ քայլի են դիմել․ ցույց են տվել թխվածքաբլիթը, ասել են՝ եթե ուզում եք անվճար ստանալ տեղեկություններ, գնացեք և հաշվառվեք: Մենք առաջարկում ենք՝ եթե դուք ունեք թխվածքաբլիթ և ուզում եք տաք լրագրողներին, դուք տվեք առհասարակ հանրությանը նախ, որովհետև դա իրենց իրավունքն է: Եվ ամենևին էլ դա թխվածքաբլիթ չէ. դուք ընդամենը կատարում եք ձեր պարտքը, ձեր աշխատանքը: Եվ դուք ձեր աշխատավարձը ստանում եք հարկատուների հաշվին»:

Մելիքյանն ասաց նաև, որ մասնագիտական հանրության հետ քննարկումներ չեն եղել, և պատճառներից մեկն էլ հենց դա է, որ օրինագիծը մեծ աղմուկ բարձրացրեց:

Գայանե Աբրահամյան

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հանդիպում են ունեցել Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի հետ, նախագծի շուրջ քննարկումներ ունեցել։

Աբրահամյանն ասաց, որ թեև խմբակցությունում օրինագիծը չի քննարկվել, սակայն ինքը ևս կարծում է, որ պետռեգիստրը պետք է բաց լինի բոլորի համար. - «Էդտեղ չափորոշիչները կարող են ուղղակի դուրս թողնել շատ այլ լրատվամիջոցների, կարող են դուրս թողնել ՀԿ-ների, որոնք մեծ հաշվով ևս կիրառում են և օգտագործում են ի շահ հանրային տեղեկատվության այդ տվյալները: Օրինակ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլը», որը հենց նույն հակակոռուպցիոն ծրագրերի միջոցով օգտագործում է այդ տվյալների բազան և գուցե շատ ավելին է անում, քան որևէ լրատվամիջոց: Չտալ այդ հնարավորությունը ՀԿ-ին, կարծում եմ, արդար չէ»:

Արդարադատության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ, ի պատասխան մասնագիտական շրջանակում տարածված մտահոգության, հայտնում է․ - «Նշված օրենքով նախատեսվող փոփոխությամբ որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել: Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել Ռեգիստրի տվյալների բազայից: Հաշվառված և չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունը կայանալու է նրանում, որ չհաշվառված լրատվամիջոցները Ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու: Այս համատեքստում, եթե մասնագիտական հանրությունը շարունակում է ԶԼՄ-ների մասով որևէ խնդիր տեսնել (իսկ նման խնդիր, մեր գնահատմամբ, Նախագծի ընդունմամբ չի առաջանում), Արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար և սպասում է կառուցողական առաջարկների»: