Մամուկա Բախտաձեն չինացի զբոսաշրջիկներին հրավիրում է Վրաստան

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Չինաստանում մասնակցում է միջազգային տնտեսական համաժողովի: Չինաստանի հյուսիսում՝ Դալյան քաղաքում անցկացվող «Նոր չեմպիոնենր-2019» տնտեսական համաժողովը հաճախ կոչում են «ամառային Դավոս»:

China Global Television Network (CGTN) չինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բախտաձեն բարձր է գնահատել Վրաստանի և Չինաստանի միջև քաղաքական փոխվստահությունը և տնտեսական ամուր կապերը:

«Երկու տարի առաջ մենք ստորագրել ենք ազատ առևտրի համաձայնագիրը և շատ ուրախ ենք, տեսնելով, որ առևտուրը աճում է: Վրաստանում գործող չինական ընկերությունների քանակն ավելացել է, հիմա մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը այլ հարթություններով», - ասել է Բախտաձեն՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտը, - «Օրինակ՝ Վրաստանը զբոսաշրջության կարևոր ուղղություն է դառնում, այս տարի մենք 9 միլիոն այցելու ենք հյուրընկալելու և կցանկանայինք Չինաստանից ավելի շատ զբոսաշրջիկներ տեսնել Վրաստանում»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հրամանագրով հուլիսի 8-ից արգելվում են ռուսական ավիաընկերությունների չվերթները Վրաստան: Նույն հրամանագրով ռուսական զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ է տրվել Վրաստանի ուղեգրեր չվաճառել: