«Իմ դեպքում մահվան սպառնալիք է, այսինքն, որ քո արյունն է առաջինը թափվելու, կգան քո հետևից», - ասում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Գայանե Աբրահամյանը:
Իշխանական խմբակցության պատգամավորին սպառնացել է Robert Avagian ներկայացող ֆեյսբուքյան օգտատերը։ Նրա էջում հիմա ոչ նախկինում արված վիրավորական, հայոյախառ ու սպառանալից գրառումները կան, ոչ էլ լուսանկարները։ Ընկերների ցանկում էլ ընդամենը 3 օգտատեր է մնացել։
«Սպառնալիքները, հայհոյանքները, վիրավորանքները հնչել են ֆեյք օգտատիրոջ կողմից: Իհարկե, նա ներկայանում է, որ ֆեյք չի և փորձում է հնարավորինս ցույց տալ, որ իրական օգտատեր է և երկրում չէ: Բայց հստակ պարզել ենք, որ ֆեյք է, և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են», - փոխանցեց Աբրահամյանը:
Մահվան սպառնալիքների փաստւ առթիվ հարուցված քրեական գործը թեև կասեցվել է կասկածյալներին չհայտնաբերելու պատճառով, սակայն քննչական աշխատանքները շարունակվում են:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ հարցում են ուղարկել «Ֆեյսբուք», որպեսզի պարզեն Robert Avagian անունով ներկայացող օգտատիրոջ IP հասցեները։
Ինքը Աբրահամյանը դիմել է իրավապահներին, որպեսզի նախադեպ ստեղծի՝ կանխելու համար նման դեպքերի տարածումը: Պատգամավորն ասում է, որ եթե միայն ինքը տուժող լիներ, այդքան էլ նախանձախնդիր չէր լինի իրավապահներին դիմելու հարցում․ - «Սա ընդհանուր խնդիր է: Եվ ես կարծում եմ, որ գոնե այս կերպ, գոնե քրեական գործի հիման վրա պետք է բացահայտվեն և անպատիժ չմնան»:
Նույն Robert Avagian օգտատերը թիրախավորել էր նաև «Ազատության» լրագրողներին. նրանց մասին տարաբնույթ վիրավորական, հայոյախառը գրառումներ արել։
Իշխանական խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին նույնպես սպառնացել են «Ֆեյսբուքով», սակայն այլ օգտատեր, կրկին քրեական գործ է հարուցվել։ Այն նախաքննության ընթացքում է։
Իսկ Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը Արամ Թումանյան ներկայացող ֆեյսբուքյան օգտատերից է ահաբեկող հաղորդագրություններ ստացել։
«Իմ պարագայում, ես կարծում եմ, որ գործ չունենք ֆեյքի հետ: Մեծ հավանականությամբ մարդը ներկայացել է սեփական անուն-ազգանունով», - նշեց Սաֆարյանը:
Օգտատիրոջ թիրախում ոչ միայն Ստյոպա Սաֆարյանն է եղել, այլև նրա քույրը՝ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով Մարտի 1-ի տուժողի ներկայացուցիչ, Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը։
Ստյոպա Սաֆարյանն իրեն ու հարազատներին ուղղված սպառնալքիները պայմանավորում է իրենց գործունեությամբ․ - «Միանշանակ կասկածներ կան, որ Ռոբերտ Քոչարյանին սատարող շրջանակներից է: Չեմ ասի, թե շատ հայտնի, երևելի մակարդակներից»:
Սաֆարյանին ու նրա հարազատներին ուղղված սպառնալիքների մասով ոստիկանությունում նյութեր են նախապատրասում։
Սաֆարյանը համացանցում առաջին անգամ չէ թիրախավորվում․ - «Ամենևին զարմանալի չէր, որ նախկին իշխանությունների օրոք հանկարծ ես որոշում ստացա քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ որքան էլ սպառնալիքների փաստերը անհերքելի էին: Քննիչը իր որոշման մեջ նշել էր, որ գտել են, հայտնաբերել են այդ մարդկանց, որոնք եկել են և բացատրություն են տվել, թե իրենց այդ կոնկրետ հայտարարություններում իմ կյանքը վտանգելու որևէ մտադրություն չեն ունեցել»:
Քննիչի որոշումը Սաֆարյանը բողոքարկել էր Գլխավոր դատախազությունում, սակայն այն մերժվել էր։
Պատգամավոր Գայանե Աբրահամյանը կեղծ օգտատերերի դեմ պայքարելու համար օրենսդրական փոփոխություններ անելն անիմաստ է համարում․ - «Արգելել ֆեյքերով հանդես գալ որևէ կերպ հնարավոր չէ, դա ամբողջ աշխարհում է խնդիր: Որովհետև որևէ մարդու չես կարող արգելել կեղծանվան ներքո գործելուց: Դա իրավունքի սահմանափակում կլինի: Բայց մյուս կողմից, այո՛, պետք է խստացվի և շատ ավելի ընդլայնվի դիսպոզիցիան ատելության խոսքի, որովհետև տվյալ դեպքում կարող ենք դիտարկել միտում ատելության խոսքի տարածման»: