Ծնողներն ահազանգել են իրավապահ մարմիններին, ի վերջո տղային տեղափոխել են Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժարան։
Երևանի կայազորային հոսպիտալի բուժգծով հրամանատարի տեղակալ, բուժմասի պետ Տիգրան Թունյանն «Ազատությանը» հայտնեց, որ հետազոտություն անցկացնելու կարիք են տեսել․ - «Հոգեբանական վիճակի մասին ավելի մանրամասն տվյալներ կարող ենք տրամադրել, երբ որ կավարտվի հետազոտության փուլը, որպիսզի հիմնավոր կարծիք լինի: Էս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ծանր հոգեկան խանգարումներ, ախտանիշներ նրա մոտ չկան: Կան որոշ նեվրոտիկ խնդիրներ, որը կարելի է հետազոտել»:
Թունյանը փոխանցեց, որ երիտասարդի մարմի վրա բռնության, մարմնական վնասվածքի հետքեր չեն հայտնաբերել: Նա վստահեցրեց, որ 19-ամյա զինվորը պատասխանատվության չի ենթարկվի ժամանակին զորամաս չներկայանալու համար:
Զինծառայողի ծնողները չցանկացան մեկնաբանություն տալ, իսկ անձամբ նրա հետ զրուցելն անհնար էր:
Նրա և այսպիսի բազմաթիվ այլ երիտասարդների հետագա ճակատագրի մասին փորձեցինք տեղեկանալ Ռազմական ոստիկանությունից: ՌՈ պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Արամ Բաղդասարյանը, ինչպես և Տիգրան Թունյանը, խոսեց առանց տեսախցիկի, հայտնեց, որ այսպիսի դեպքերում իրենց կառույցը հստակ ընթացակարգ ունի․ - «Ռազմական ոստիկանությունն անմիջապես սկսում է ուսումնասիրել, կատարվում է հետաքննություն, որպեսզի պարզվի բոլոր էն պատճառները, որոնք խոչընդոտում են զինծառայողին տվյալ զորամասում ծառայությունը շարունակելուն»:
Եթե զորամասում զինվորը լուրջ խոչընդոտների, բարոյահոգեբանական վատ մթնոլորտի է բախվում, տեղափոխվում է Ռազմական ոստիկանություն, ՌՈ-ն դիմում է ԶՈւ գլխավոր շտաբի պետին կամ նախարարին՝ ծառայության վայրը փոխելու համար։
Իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը, որը տարիներ շարունակ զբաղվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ, այս և նմանատիպ այլ պատմությունները պայմանավորում է զորամասերում բռնության մթնոլորտի առկայությամբ․ - «Երբ որ մենք լսում ենք, թե ինչքան քրեական գործեր են հարուցվում ինքնասպանության հոդվածներով, դու հասկանում ես որ զորամասում կա բռնի մթնոլորտ: Այլ բան ա, որ չի հաստատվում ինքնասպանության վարկածը, ապացույցներ չեն լինում շատ անգամ: Այ հենց էդ մթնոլորտն է, որը զինվորներին լարվածության մեջ է պահում»:
Իրավապաշտպանը պնդում է, թե քննչական մարմինները հակված չեն պատշաճ ուսումնասիրել նման դեպքերի բազմաթիվ հանգամանքները:
Ըստ Ալեքսանյանի, եթե օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարվի, բանակում անպատժելիության մթնոլորտը շատ արագ կվերանա, իսկ դրա համար առաջին հերթին կամք և ցանկություն է պետք․ - «Պետք է հստակ կամք ցուցաբերվի և փոխվի բանակը: Սա չկա նաև հեղափոխությունից հետո: Մենք պարբերաբար լսում ենք այդ որակված ինքնասպանությունների մասին, ուղղակի որակվում են ու անցնում են առաջ: Եվ դու ինչքան էլ ճչաս, որ դա ինքնասպանություն չի, բավարար ապացույցներ չկան, դա ոչինչ չի փոխում: Դատարանները դատախազության պատվերը, որ սա ինքնասպանություն է, այդպես էլ պահում և պահպանում են»:
Իրավապաշտպանի խոսքով, զիծայողները տանը չեն պատմում թե բանակում ինչպիսի խնդիրներ ունեն, իսկ բանակի ղեկավարությունն էլ զինվորի բողոքը լսելուն սովոր չէ․ - «Դա զապադլո ա եղել: Էդ կիսագողական բարքերը, էդ դեդավշինայից մնացած երևույթները շարունակում են պահպանվել, զինվորը չի կարող հրամանատարին գրել, որ իրեն ճնշում են»:
Իրավաշտպանի կարծիքով, շատ հնարավոր է, որ արձակուրդից չվերադառնալով՝ երևանցի զինծառայողը փրկել է իր կյանքը:
Ռազմական ոստիկանությունից չեն բացառում նաև հակառակը՝ զինվորները պատմություններ են հորինում ծառայությունից խուսափելու համար: