Այս պահին ունենք դատարան մտած բազմաթիվ գործեր․ Փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Ստորև ներկայացնում ենք «Ֆեյսբուքյան ասուլիսից» մի հատված․

ՖԲ օգտատեր․ - Ո՞ր փուլում է գտնվում նախկին իշխանությունների կողմից կոպեկներով վաճառված հաղատարածքների հարցերը:

Սարգսյան․ - Արդեն իսկ վաճառված բառը ենթադրում է, որ այդ հողատարածքներն ունեն իրենց՝ այսօր օրինական համարվող, փաստաթղթով հիմնավորված սեփականության իրավունք, որը մեր Սահմանադրության բարձրագույն իրավունքի սուբյեկտ է հանդիսանում և սեփականության նկատմամբ բոլոր գործառույթները պետք է անցնեն դատական կարգով, եթե պիտի վիճարկվեն:

«Ազատություն»․ - Կա՞ դատարան մտած գործ, տեղյա՞կ եք:

Սարգսյան․ - Այս պահին ունենք դատարան մտած բազմաթիվ գործեր: Ես մենակ մի թիվ կասեմ՝ միայն 13,000 գործ մենք ունենք հարկադիր կատարման ծառայությունում շուրջ 900 միլիոն դրամ ընդհանուր ծավալով, որոնց մեջ բազմաթիվ, տարատեսակ գործեր են, այդ թվում՝ սեփականության գործեր են, այդ թվում՝ տուրքերի, ապառքների, չվճարումների, գանձումների և այլն և այլնի գործեր են:

ՖԲ օգտատեր․ - Ինչո՞ւ պատշաճ չեք տարածում ձեր կողմից տարածող գործերը: Օրինակ նշեք հինգ կարևոր բան, որ փոխել եք այս մի քանի ամիսների ընթացքում:

Սարգսյան․ - Եթե ես ազնիվ լինեմ՝ չենք հասցնում: Եթե մենք ունենում ենք երկու ժամ ժամանակ, որպեսզի կարողանանք ինչ֊որ բան առաջ գցել, կարծում ենք, որ ավելի լավ է այդ երկու ժամում մեկ-երկու ներդրողի հետ ավել հանդիպենք․․․

«Ազատություն»․ - Գոնե ամենակարևորները: Տրանսպորտը՝ լուծված չէ դեռ, աղբահանությունը՝ լուծված չէ․․․

Սարգսյան․ - Եթե սկսենք այդ պոլեմիկայից, ամենակարևորը երկրի համար որն է․․

«Ազատություն»․ - Եթե սկսենք նախընտրական խոստումներից՝ տրանսպորտ, աղբահանությունը, վերելակներ, երեքն էլ այս պահին դեռ լուծված չեն:

Սարգսյան․ - Ոչ, այդպես չի, երեքով էլ աշխատանք է տարվում և կարծում եմ՝ նորից պիտի ստիպված կրկնվեմ՝ 25-30 տարի որևէ ներդրում, որևէ բան չարված տրանսպորտի համակարգը ակնկալել, որ պետք է մի քանի ամսում բերվեր կարգի, դա ուղղակի մոլորություն է:

Փաստացի պրոդուկտներից թույլ տվեք նշեմ, օրինակ, 2018 թվականի քաղաքային բյուջեն՝ կազմելով 21 միլիարդ, 2019-ին կազմել է 31 միլիարդ: Դա ի՞նչ է նշանակում, որ մենք առնվազն 10 միլիարդի ավել պրոդուկտ ենք ապահովելու և ապահովում այսօր քաղաքում: Մեր բոլոր ծախսային ցուցանիշներն ավելացել են, բացառությամբ նրանց, որտեղ մենք տեսել ենք գումարների փոշիացում և ավելի նվազ միջոցներով նույն արդյունքը կամ ավելին ապահովելու հեռանկար, որը արվել է: