Հայաստանում առկա խնդիրների լուծման միակ բանալին գիտելիքն է. Նիկոլ Փաշինյան

«Բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի, և այդ բանալին գիտելիքն է, իմացությունն է, հետազոտությունն է», - այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ժամանակ։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը նշել է, որ նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ կրթության, գիտության հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ։

«Այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ համար, մեր քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է», - ասել է վարչապետը՝ շարունակելով. - «Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում»:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարչապետը սիմվոլիկ է համարել, որ առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում:

«Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ և ձեր մասնակցությամբ: Եվ այսօր դուք՝ որպես շրջանավարտ, որպես արդեն բակալավրի կոչում ունեցող, բարձրագույն կրթություն ունեցող անձինք, անշուշտ ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, ձեր նպաստն եք բերելու հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որն ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պիտի ունենա: Ես ուզում եմ ձեզ և մեզ բոլորիս հաջողություն մաղթել մեր հայրենիքի զարգացման և շենացման գործում: Եվ համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ծանոթ է մեր հայտնի կարգախոսին և այսօր առավել ևս դուք պիտի իմանաք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, որ այդ մեկ մարդը ձեզնից յուրաքանչյուրն է», - ասել է Փաշինյանը։

2015 թվականին Երևանում իր գործունեությունը սկսած Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղն այս տարի ավարտել է 42 շրջանավարտ, որից 13-ը՝ կարմիր դիպլոմով: