Սոլսբերիի գրոհը ռուս բարձրաստիճան գործակալ է ղեկավարել․ Bellingcat

Bellingcat հետազոտական կենտրոնի տվյալներով, ռուսաստանցի նախկին լրտես, Բրիտանիայում ապաստանած Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային, «նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործողությունը ղեկավարել է Ռուսաստանի գաղտնի ծառայությունների բարձրաստիճան գործակալ Դենիս Սերգեևը:

Bellingcat-ի փոխանցմամբ, նա գործողությանը հետևել և հեռախոսային կապի միջոցով հրահանգներ է արձակել՝ գտնվելով Լոնդոնի հյուրանոցներից մեկում: Բրիտանական հետազոտական կենտրոնը հայտնում է, որ Սերգեևը ԳՌՈՒ-ի (Գլխավոր հետախուզական վարչության) գեներալ-մայոր է: Լոնդոնում նա օթևանել է Paddington կայարանի մոտակայքում գտնվող հյուրանոցում:

Bellingcat-ի փորձագետներն ասում են, որ հայթայթել են հեռախոսային հաղորդակցության տվյալները՝ «մետադատան»:

Գեներալ-մայոր Դենիս Սերգեևը կարճ ժամանակ է մնացել Լոնդոնում՝ նա Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել «Սերգեյ Ֆեդոտով» անվան տակ մարտի 2-ին՝ Սոլսբերիում «նովիչոկ» քիմիական զենքի կիրառումից երկու օր առաջ: Լոնդոնում գտնվելիս նա 11 անգամ հեռախոսային կապ է հաստատել Մոսկվայում մի անձի հետ, որի գաղտնանունն է «Ամիր»:

Վերջինիս բջջային հեռախոսահամարի սիմ-քարտը կանխավճարով էր. այդօրինակ սիմ-քարտ վաճառելիս բջջային կապի օպերատորն օգտատերից անձը վավերացնող փաստաթուղթ չի պահանջում:

Քարտն ուներ, ըստ Bellingcat-ի, ոչ ստանդարտ հեռախոսահամար մի հատուկ շարքից, որն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի գաղտնի ծառայություններին են տրամադրում:

Bellingcat-ի փորձագետների փոխանցմամբ, Սերգեևի հեռախոսային ակտիվությունը վկայում է, որ նա գրեթե չի հեռացել իր լոնդոնյան հյուրանոցից, միայն երկու ուղևորություն է կատարել:

Սոլսբերիի գրոհի նախօրեին՝ մարտի 3-ին, նա մեկնել է Լոնդոնի Oxford Circus և Embankment մետրոյի կայարաններ, ընդ որում ճիշտ այն ժամերին, երբ հենց այդ թաղամասում են գտնվել բրիտանացիների կողմից Սկրիպալների թունավորման համար մեղադրվող ռուս գործակալներ Անատոլի Չեպիգան և Ալեքսանդր Միշկինը, ովքեր Waterloo կայարանից գնացքով մեկնել են Սոլսբերի:

«Եթե ինչ-որ տեղեկություն փոխանակելու կամ ֆիզիկական իր փոխանցելու համար անհրաժեշտ էր երկու գործակալների և Սերգեևի հանդիպում, ապա Embankment և Waterloo կայարանների շրջանն ամենահարմարն էր դրա համար»,- ասել է Bellingcat-ի փորձագետը:

Լոնդոնը Մոսկվային է մեղադրում Սկրիպալների վրա հարձակման համար: Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքը:

Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին 2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում հայտնաբերել են անգիտակից վիճակում: «Նովիչոկի» մահաբեր ազդեցությունից բուժվելու կուրսը մի քանի շաբաթ է տևել:

Սոլսբերիից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էյմսբերիում անցյալ տարվա հունիսի 30-ին Չարլի Ռոուլին գտել է ֆրանսիական օծանելիքի սրվակ, որը նվիրել է ընկերուհուն՝ Դաուն Սթարջեսին:

Նյութի հետ շփվելուց հետո երկուսն էլ հիվանդացել են, տղամարդը բուժվել է, սակայն երեխատեր կինը մահացել է: Բրիտանացիները հաստատել են, որ սրվակում «նովիչոկ» է եղել:

Ըստ Bellingcat-ի վերջին զեկույցի, ԳՌՈՒ-ի գեներալ-մայորի մասնակցությունը Սոլսբերիի մահափորձին վկայում է, որ ռուսական գաղտնի ծառայությունները չափազանց մեծ կարևորություն են տվել այդ օպերացիային:

«Մեծ քսանի» գագաթնաժողովի նախօրեին վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ ցանկանում է Օսակայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Վերջինս ընդունել է առաջարկը:

Հանդիպումից հետո Մեյն ասել է, որ շատ կոշտ եղանակով Պուտինին ներկայացրել է Լոնդոնի դիրքորոշումը, ընդգծելով, որ հարաբերությունների բարելավում չի լինի, քանի դեռ ռուսները չեն դադարեցնում թշնամական ակտիվությունը: Մեյը Պուտինին հայտնել է, որ Բրիտանիան ունի անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ հենց ռուսներն են իրականացրել քիմիական գրոհը Սոլսբերիում:

Պուտինը հաստատել է, որ հանդիպումն իրոք բարդ էր և չոր: ֊ «Մենք քննարկել ենք հարցը, մտքեր ենք փոխանակել, կարծում եմ, ողջախոհությունը պետք է գերակայի, մեզ անհրաժեշտ է ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները»,- ասել է Պուտինը:

Մեյը պնդում է, որ Սոլսբերիի գրոհի հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն: