ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի տարածք՝ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունին հանդիպելու համար։
Երկու առաջնորդները նախ իրար ձեռք են սեղմել Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող Ապառազմականացված գոտում, այնուհետև Թրամփը մի քանի քայլ է արել Հյուսիսային Կորեայի տարածքում՝ դառնալով ամերիկյան առաջին նախագահը, ով այցելել է այդ երկիր։
«Ուրախ եմ քեզ կրկին հանդիպելու համար»,- ասել է Թրամփը Կիմ Չեն Ունին:
Լրագրողների հետ զրույցում Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե սահմանի խորհրդանշական հատումը իր համար «մեծ պատիվ է»:
«Նախագահ Թրամփը դարձել է առաջին ԱՄՆ նախագահը, ով այցելել է մեզ, դա արտահայտում է նրա ցանկությունը՝ աշխատելու հանուն ավելի լավ ապագայի», - ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը՝ Թրամփի այցը գնահատելով «համարձակ քայլ»:
Լրագրողների հետ կարճ շփումից հետո երկու նախագահները բանակցությունները շարունակել են այսպես կոչված «Ազատության տանը», որտեղ պայմանավորվել են վերսկսել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Թրամփը հայտարարել է նաև, որ Կիմին կհրավիրի Սպիտակ տուն:
«Ես ցանկանում են շնորհակալություն հայտնել նրան: Սոցիալական ցանցերում իմ հրավերը տեղադրելուց հետո եթե նա չհայտնվեր, ապա մամուլը ինձ վատ լույսի ներքո կներկայացներ»,- ասել է Դոնալդ Թրամփը
Միացյալ Նահանգների նախագահը հյուսիսկորեացի պաշտոնակցի հետ հանդիպելու մտադրության մասին գրել էր Թվիթերում:
Արևմտյան մեկնաբանները այս հանդիպումը բնորոշում են որպես «դիվանագիտական ներկայացում, որը մեկնարկել է առավոտյան G20-ի գագաթնաժողովի ժամանակ՝ թվիթերային անսպասելի գրառմամբ, և ավարտվել հանդիպմամբ, որի կազմակերպման համար սովորաբար ամիսներ են պահանջվում»:
Պատմական այս հանդիպումը դարձավ Թրամփի և Կիմի թվով երրորդ հանդիպումը: Սպիտակ տան ղեկավարը այս հանդիպումներով նպատակ ուներ հորդորել Փհենյանին հրաժարվել միջուկային զենքից։
Երկու առաջնորդները նախկին հանդիպումներից հետո դրվատանքի խոսքեր են հնչեցրել միմյանց հասցեին, սակայն ապամիջուկայնացման ուղղությամբ առաջընթաց չի արձանագրվել։
Երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում Փհենյանը դադարեցրել է միջուկային փորձարկումները, ազատ արձակել հյուսիսկորեական բանտերում պահվող ամերիկացիներին, և Միացյալ Նահանգներին փոխանցել Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինվորների մասունքները: Սակայն Թրամփի գլխավոր պահանջի ՝ միջուկային զինանոցից հրաժարվելու հարցով Փհենյանը առաջընթաց չի ապահովել:
Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող Ապառազմականացված գոտում Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման տեսարանը, ինչպես նկատում է մամուլը, աննախադեպ է: Իրադարձությունը անշուշտ նպաստել է Կորեական թերակղզու լարվածության թուլացմանը, սակայն այն որևէ կերպ չի խանգարի Կիմ Չեն Ունին հետայսու էլ մեծացնել իր միջուկային զինանոցը: Այս երկխոսության արդյունքը՝ ժպիտներ, ձեռքսեղմում, սակայն ոչ Կորեական թերակղզու ապառազմականացում:
Թրամփի այսպես կոչված՝ այցը Հյուսիսային Կորեա տևել է մեկ րոպեից քիչ ավելի: Ինչպես նշում են նրա ընդդիմախոսները` դա էլ բավական է, որպեսզի լեգիտիմություն հաղորդվի մարդու իրավունքների ոտնահարումներով տխրահռչակ տոտալիտար ռեժիմին: