Աղետի գոտու շահառու հասկացողությունը պիտի վերանա. Վահագն Վերմիշյան

Վահագն Վերմիշյան, արխիվ

Կառավարությունը մինչև 2021 թվականը պատրաստվում է բնակարանով ապահովել աղետի գոտու շահառուներին։ Ըստ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի, Սպիտակի երկրաշարժի հետևանքով տնակներում ապրող շահառու ընտանիքների թիվը 453 է։ Հաշվարկել են՝ ծրագիրը 3 միլիարդ դրամ կպահանջի։

«3 միլիարդը արդեն որոշումը կա, որպեսզի պիտի հատկացվի, 20 թվականին վերջնականապես էդ հարցը փակվի, որպեսզի 21 թվականին աղետի գոտու շահառու հասկացողությունը պիտի վերանա», - նշեց Վերմիշյանը։

Վահագն Վերմիշյանն ասաց՝ նախորդ իշխանությունների ժամանակ՝ որպես աղետի գոտու շահառու հաշվառվել է 5396 ընտանիք: 2008-ից մինչ այս տարի 4943 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարան։ Իսկ թե ինչո՞ւ է տնակներում ապրողների թիվն ավելի աղետի գոտու շահառուների թվից, Վահագն Վերմիշյանը բացատրեց, թե նրանց թվում նաև բնակարան ստացած, այնուհետև այն վաճառած ու տնակում բնակվող ընտանիքներն են։

«Նույնիսկ կան էսպիսի կատերգորիաներ՝ մարդիկ, որոնք ունեն բնակարան, բնակարանային խնդիր չունեն։ Ուղղակի ինչ-ինչ պատճառներով՝ ընտանեկան ներքին խնդիրների պատճառներով բաժանվել են երկու մասի։ Ասենք կեսուր-հարս հարաբերություններ կամ երկու եղբայր, մեկը գնացել, տնակում է ապրում», - ասաց Վերմիշյանը։

Մինչդեռ, ըստ «Շիրակ կենտրոն» կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի, աղետի գոտու շահառուների թիվը մի քանի անգամ ավելի է, մասնավորապես, Գյումիրում ու այս դեպքում խոսքն ամենևին էլ բնակարանը վաճառած ընտանիքների մասին չէ։

«Ոչ թե 2008 թվականի նոյեմբերի 1-ի վերահաշվառման էդ փաստը բերվի և հիմք ընդունվի՝ որպես 2008 թվականի նոյեմբերի 1-ը, որովհետև 2008 թվականի նոյեմբերի 1-ը տրամաբանությունը 432 որոշումն էր հաշվառման, որի պատճառով, բավականին ընտանիքներ, հարյուրավոր, հազարավոր ընտանիքներ չկարողացան բնակարանով ապահովել», - նշեց Թումասյանը։

Այդ ընտանիքները նախորդ իշխանությունների ժամանակ տարբեր պատճառներով չեն ընդգրվկել շահառուների ցանկում։ Նրանց մի մասը չի հասցրել սահմանված ժամկետում ներկայացնել փաստաթղթերը։

«Կա ընտանիք, որ 30 տարի առաջ ամուսիններ են եղել հետո բաժանվել են և առանձին ընտանիքներ են կապել, ապրում են։ Հիմա ասում է՝ բոլոր էդ 30 տարի առաջվա՝ դեկտերմբերի 7-ի դրությամբ, 88 թվականի երկրաշարժի, էդ պահի դրությամբ բոլորի անձնագրերը, փաստաթղթերը բերեք, որ հաշվառենք, էդ մարդը ոնց պիտի գնա նրանց փաստաթղթերը բերի», - ընդգծեց Թումասյանը։

Վահան Թումասյանի տվյալով՝ միայն Գյումրիում նման մոտ 1500 ընտանիք կա։ Այդ թվի մեջ են մտնում նաև Սպիտակի երկրաշարժից առաջ սեփական տուն ունեցող ընտանքիները։ Թումասյանի կարծիքով՝ խնդրի լուծման ելքը նոր հաշվառում անցկացնելն է՝ նոր չափանիշներով։ Իսկ քաղաքաշինության կոմիտեում սոցիալական բնակարանաշինությամբ են պատկերացնում խնդրի լուծումը, ասում են՝ սոցիալական բնակարանները շուկայականից 20 տոկոս ավելի էժան կլինեն։