«Եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում». Սասուն Միքայելյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր սուր քննադատության ենթարկեց կուսակից գործընկերոջը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:

Միքայելյանը հենց նրան մեղադրեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուի պարտության համար՝ ընդգծելով՝ Ռոմանոսը ցանկանում է մարզում «դեմք դառնալ»՝ փորձելով իր թեկնածուին քաղաքապետ դարձնել, ինչը, սակայն, նրան այդպես էլ չի հաջողվել:

Սասուն Միքայելյանը չթաքցրեց՝ կուսակցությունում դեմ է քվեարկել իշխող ուժի կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի թեկնածությանն՝ ասելով, որ գործող քաղաքապետը՝ Վահագն Գևորգյանն, ով հաղթեց Աբովյանի ընտրություններում, շատ լավ աշխատում է քաղաքապետի պաշտոնում՝ նրան հաջողվել է գերակատարել քաղաքի բյուջեն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը ստացած Գևորգայնին Միքայելյանը վաղուց է ճանաչում, գործող քաղաքապետը երկար տարիներ աշխատել է խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում՝ իբրև փորձագետ և նա պետք է շարունակեր աշխատել:

Չնայած իր տեսակետը չի ընդունվել, բայց Սասուն Միքայելյանը վստահեցնում է՝ իշխանության թեկնածուի դեմ չի աշխատել։

«Ես ՔՊ-ի թեկունքից չեմ խփել, որևէ մեկի չեմ ասել, որ պիտի գնաք, ընտրեք գործող քաղաքապետին։ Նման բան չի եղել։ Իսկ Աբովյանի ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիր»-ը պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, որովհետև ինքն անձնավորեց իրա դերակատարությունն Աբովյանի քաղաքապետի ընտրությունում, դրան գումարած պատկերացրեք, որ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու։ Էսօր մարդիկ կան իրենք գիտեն, թե դեմք են դառել, կամ մեծ դերակատարություն են ունեցել հայոց պատմության, կամ այսօրվա իրողության, կամ ընդհանրապես էս վերջին թավշյա հեղափոխության հետ կապված։ Դրան գումարած էդպես մի ակտիվ չէր Ռոմանոսը թավշյա հեղափոխության ժամանակ, և եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - ասաց Միքայելյանը։

Հարցին, թե չի՞ ընդունում մարզպետի այն պնդումը, թե Աբովյանում շարունակում է իշխել քրեաօլիգարխիկ համակարգը, Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ այդ համակարգը Հայաստանում է:

Հիշեցնենք՝ Կոտայքի մարզպետն ընտրություններից հետո ասել էր, թե Աբովյանում քաղաքացին պարտվեց «քրեաօլիգարխիկ, կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին»։

«Գնացեք, նայեք՝ Աբովյանում ովքեր են Ռոմանոս Պետրոսյանի կողքին՝ Կավալի տղեն՝ էն անձինք, ովքեր խորը կապ են ունեցել, տալիք-առնելիք են ունեցել Կավալի հետ, էդ մարդկանցով է ինքը շրջապատված։ Իսկ էսօր արժեհամակարգից է խոսում, նոր շարժումից է խոսում», - ասաց Միքայելյանը։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմից դուրս մնալու փաստին, Սասուն Միքայելյանն, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչության նախագահի պաշտոնն, ասաց, թե գուցե պատճառը կուսակցության ներսում գոյություն ունեցող խմորումներ են եղել, որոշակի անձինք թիմեր են ձևավորել իշխող ուժի ներսում, բայց միևնույն է, վարչությունից դուրս մնալու փաստն իրեն չի անհանգստացնում:

Մինչդեռ, հիշեցնենք, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ընդգրկվեց իշխող ուժի վարչության կազմում: «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ովքե՞ր են կուսակցության ներսում թիմեր ձևավորած անձինք, Միքայելյանը չցանկացավ մանրամասնել՝ ասելով՝ անուններ տվող չէ, ավելի քան 3 տարի անազատության մեջ է եղել, բայց անուններ չի տվել:

«Բնական է՝ ինձ ձայն չեն տվել, թաքցնելու բա՞ն է, արդարանամ, ասեմ՝ «չէ, ինձ ձայն տվի՞ն»։ Միգուցե էնտեղ ինչ-որ խմորումներ գնացել են, մարդիկ ինչ-որ թիմեր են ձևավորել ներսում, որոշակի անձինք, դրա համար սենց եղավ, բայց էսօր Սասուն Միքայելյանը երբեք չի խանգարի, որ իր գործը, որպես ՔՊ անդամ, շարունակի, գումարած դրան Սասուն Միքայելյանի օրոք ՔՊ-ն հաղթանակ է տարել, որ Սասուն Միքայելյանը եղել է այդ կուսակցության ղեկավարը։ Էսօր, որ ես չընտրված վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ, ժողովուրդ», - ասաց Միքայելյանը։

Արձագանքելով տարածված այն խոսակցություններին, թե հնարավո՞ր է պատգամավորական մանդատը վայր դնի, Միքայելյանն ասաց, թե չգիտի դա ում երազանքն է, բայց մանդատից հրաժարվել չի պատրաստվում, այն իրեն տվել է ժողովուրդը և նորագույն պատմության մեջ առաջին անգամ արդար ընտրությունների միջոցով ավելի ան 30 հազար ձայն է ստացել:

«Ես գրեթե 32 հազար ձայն եմ հավաքել, ես էդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու։ Ես խռովող տղա չեմ», - ասաց Միքայելյանը։

«Կուսակցության ներսում խմորումներ, թիմեր չկան»

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հրաչ Հակոբյանը համաձայն չէ Սասուն Միքայելյանի գնահատականների հետ: Հակոբյանը վստահեցնում է՝ կուսակցության ներսում խմորումներ, ինչպես նաև թիմեր չկան:

Ինչ վերաբերում է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ապա, ըստ Հակոբյանի, նա հնարավոր ամեն բան արել է իր քաղաքական թիմի թեկնածուի հաղթանակի համար:

«Սխալներ միգուցե արվել են, բայց ոչ մարզպետի կողմից, ոչ որպես մարզպետ, միգուցե ստրատեգիական սխալ է արվել, քարոզարշավն է միգուցե սխալ գիծ բռնել», - ասաց ՔՊ անդամը։

«Խմորումներ մեր կուսակցության ներսում չկան»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես պնդեց՝ խմորումներ իրենց կուսակցության ներսում չկան:

Ինչ վերաբերում է, որ եթե դասեր չքաղեն կատարված սխալներից, ապա թավշյա հեռացման առջև կկանգնեն, Սիմոնյանն ասաց, թե դա ժողովուրդն է որոշելու։

«Հիմա էդ հեռացումը կլինի-չի լինի, թե ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է, դա արդեն ժամանակը ցույց կտա», - ասաց Սիմոնյանը։