Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի գործով Երևանի քրեական դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009 թվականներին կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու գլխավոր դատախազի բողոքը։ Բեկանել է դրանք՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ 2018-ի սեպտեմբերի Մուշեղ Սաղաթելյանի գործով Եվրոպական դատարանի կայացրած որոշումից հետո էին դիմել վճռաբեկ դատարան։
«2018 թվականի սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացված վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված իրավունքների խախտում: ՄԻԵԴ այս որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը, որպես նոր հանգամանք, հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել էր վճռաբեկ բողոք», - նշեց Խաչատրյանը։
Եվրոպական դատարանը, ըստ Գլխավոր դատախազության, «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների՝ մասնավորապես, խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքների խախտումներ։
Նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար: Դատավարության ողջ ընթացքում Սաղաթելյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները: Ազատ է արձակվել վաղաժամկետ՝ 2010-ի նոյեմբերին:
Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ ապօրինություններ թույլ տված անձինք պատասխանատվության կենթարկվեն։
«Ակնկալիքս մեկն է, որ հայ ժողովրդի հետ նման կերպով վարվողները պետք է հասկանան, որ մի գեղեցիկ օր պատասխան են տալու ու էսօր հատուցման օրը մոտեցել է։ Բոլոր էն դատավորները, քննիչները, դատախազները, ովքեր մասնակցություն են ունեցել այդ գործերի կարման կամ մնացած երևույթներին, բոլորը հատ-հատ պետք է պատասխանատվության ենթարկվեն», - նշեց Սևակ Սաղաթելյանը։
Ասաց՝ հայրը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է կոմայի մեջ, առողջական վիճակը ծանր է։
Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, խոսելով գործը նոր քննության ուղարկելու մասին, ասաց՝ սպասելիքները այս և Մարտի 1-ի մյուս դատապարտվածների գործով միայն արդարացումն է։
«Եվրոպական դատարանը, ըստ էության, հարցականի տակ է դրել 316-րդ հոդվածի հանցակազմը, դա ի՞նչ է նշանակում, որ մեղադրական ակտի հիմքում եղել է այն հանգամանքը, որ ոստիկանությունը օրինական գործողություններ է կատարել Ազատության հրապարակում առավոտյան, և Մուշեղ Սաղաթելյանը դիմադրություն է ցույց տվել ոստիկանների օրնական... հիմա Եվրոպական դատարանը փաստել է արդեն երկու վճիռներով իր որոշումներով, որ, ըստ էության, ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եղել։ Դա եղել է միջամտություն խաղաղ հավաքին և այլևս այդ հանցագործության 316-րդ հոդվածի նախատեսված հանցագործության հանցակազմ գոյություն չունի», - ասաց Արմեն Խաչատրյանը՝ շարունակելով, - «Սա շատ կարևոր է ոչ միայն Մուշեղ Սաղաթելյանի համար, այլև բոլոր այն տղաների համար, ովքեր նախկինում այդ նույն հոդվածով, այդ վայրում գտնվելու համար դատապարտվել են տարբեր պատժաչափերով և պատժատեսակներով։ Սա իսկապես շրջադարձային գործ է լինելու, և մենք իսկապես անհամբեր սպասելու ենք առաջին ատյանում նոր քննության»։