Կարկտահարությունից տուժած շիրակցիները ակնկալում են պետության աջակցությունը

Շիրակի մարզում երեկ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցել 14 համայնքների ցանքատարածություններին:

Ամենաշատը տուժել է Շիրակ գյուղը: Ցորենի ու գարու, նաև բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններին կարկուտը 70-100 տոկոսի վնաս է հասցրել: Գյուղացին հաշվարկ է անում, թե ինչքան վնաս է կրել, ու չգիտի տունն ինչպես պահի, վարկն ու պարտքն ինչպես փակի:

«Մի միլիոն վարկ վերցրեցինք, սերմ առանք՝ ցորենի սերմ, կարտոշկի սերմ, ցանինք: Էսօրվա օրն էլ էկավ-ջարդեց, մնացինք ըսպես», - ասաց մի կին:

Նրա համագյուղացի տղամարդն ասաց․ - «Կոնկրետ ես 15 հեկտար ցանել եմ, որի վրա ծախսել եմ 15 միլիոն փող, ու հըմի դաժե 3 միլիոն չեմ ակնկալէ դաշտերիցս: Էդ գումարը գնաց կորավ: Կակնկալենք պետության աջակցությունը»:

Ցորենն ու գարին վերականգնել հնարավոր չէ: Շատ թե քիչ կարտոֆիլի բերքն է հնարավոր վերականգնել, բայց դրա համար էլ գյուղացին ո՛չ միջոց ունի, ո՛չ էլ ժամանակ: Վնասված բերքն են ցույց տալիս ու ասում, որ եթե մի քանի օրից չպարարտացնեն, ապա մնացած բերքն էլ կկորցեն․ - «Էս մի շաբաթվա մեջ պետք ա քայլեր ձեռնարկվի, թե չէ ամբողջ բերքը կկորցնենք»:

Շիրակցիները կառավարությանը ժամկետ են տալիս, որ եթե քայլեր չձեռնարկեն ապա Հայաստան - Վրաստան միջպետական ճանապարհը կփակեն․ - «Ամեն տարի էսքան կորստի դեպքում միշտ էլ ասել ենք, հեչ բան չեն ձեռնարկել: Եթե չձեռնարկի, գյուղացին կհելնի, ինչքան որ տեխնիկա կա, կհանէ, շոշը կփակէ»:

Հարևան մի քանի գյուղերում հակակարկտային կայաններ տեղադրված են: Այդ տարածքներից կրակում են, իրենց ցանքերը փրկում: Արդյունքում հակակարտային կայան չունեցող համանքներն են տուժում:

Շիրակի գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն ասում է, որ սուբվենցիոն ծրագրով 5 հակակարկտային կայան տեղադրելու ծրագիր են ներկայացրել, բայց կառավարությունը չի հաստատել:

«Խնդրում ենք կառավարությանը, որպեսզի մեր համայնքի հակակարկտային կայանների սուբվենցիոն ծրագրին հավանություն տա, որպեսզի կարողանանք էդ հինգ հակակարկտային կայանները մեր համայնքում տեղադրել, որպեսզի էսպիսի դեպքերից կարողանանք խուսափել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասատրյանը:

Մարզպետարանից եկել, վնասի չափը հաշվառել են ու ներկայացնելու են կառավարություն: Հունիսին սա արդեն մարզում կարկտահարության երրորդ դեպքն է, ընդհանուր առմամբ տուժել են 40-ից ավելի համայնքներ: