Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:
«Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել` Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15 հազար քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57 հազար քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ, Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8,9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7,2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4 հազար92 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս, Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող 90 հա մակերեսով վարելահող և 30 հա մակերեսով արոտավայր», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:
Ըստ ՀՔԾ հայտարարության, քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Որոշումների օրինակներն ուղարկվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան և Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար։
Հիշեցնենք, որ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։