Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին:
Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, քրեական գործը հարուցվել է Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում: Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում:
Հաղորդագրության համաձայն, համայնքի նախկին ղեկավար Կարեն Գրիգորյանի բանավոր ցուցումների հիման վրա Էջմիածնի համայնքային բյուջեից աշխատավարձեր են ստացել Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի պահակները, իր ընտանիքի վարորդը, համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիներին խնամողը, Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձը: Այս հաստիքների հետ կապված համայնքի բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ շուրջ 23․5 մլն դրամ:
«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարի անչափահաս երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից», - նաև ասված է հաղորդագրությունում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել նաև «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է: