Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին հանձնված մանկապարտեզի շենքը կվերադարձվի Երևան քաղաքին:
Երեկ ավագանու նիստի ընթացքում, ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը քաղաքապետին հարցրեց, թե ի՞նչ մեխանիզմներ կան, համայնքապատկան շենքերը քաղաքին վերադարձնելու և մանկապարտեզների հետ կապված ծնողների սպասումների հարցը լուծելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանելով այս հարցին, ընդգծեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մանկապարտեզներից մեկի արդեն լուծված օրինակը: Ի դեպ, այս մանկապարտեզի շենքը 50 տարով անհատույց օգտագործման էր հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը։
«Գույքագրում ենք բոլոր մանակապարտեզները, հասկանում ենք՝ ինչ կազմակերպություններ կան այնտեղ։ Այն կազմակերպությունները, որոնք անհասկանալի գործունեություն են իրականացնում, առավել ևս ուղղակի անվճար տրված հիմունքներով, գույքագրում ենք և այդ կազմակերպությունները քիչ-քիչ ազատում են էս տարածքները։ Էս պահին ինչ հնարավոր էր, մենք էդ ենք բերել, նաև մեկ մանկապարտեզ հետ ենք բերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որը պետք է վերանորոգվի և սկսի գործել», - ասաց Մարությանը։
«Ինչո՞ւ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Վերոնիկա» անվամբ հայտնի մանկապարտեզի դռները տարիներ շարունակ կողպված, այն դեպքում, երբ մանկապարտեզներում հերթեր են գոյանում», - այս հարցը տարիներ շարունակ բարձրացրել է ավագանու նախկին՝ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա առիթ է ունեցել այս թեմայի շուրջ անգամ Սամվել Ալեքսանյանի հետ խոսել:
«12 թվականից հետո Ալեքսանյան բարեգործական հիմնադրամը որոշել է մանկապարտեզը լուծարել հիմնանորոգելու նպատակով և մինչ օրս այդ մանկապարտեզը չի գործում», - նշեց Բախշյանը։
«Ազատության» հարցին՝ այդ տարների ընթացքում իրեն հաջողվե՞լ է հանդիպել Սամվել Ալեքսանյանին, մանկապարտեզի թեմայով խոսել նրա հետ, պատասխանեց. «Այո, հանդիպել ենք անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին։ Ինքը շատ սիրուն նախագիծ ցույց տվեց, ասեց՝ պատրաստ ենք էս նախագծով շահագործման հանձնել, բայց վճարովի հիմունքներով։ Հիմա դրա պատասխանը փաստորեն ավագանին տվեց՝ «չէ լինելու է համայնքային մանկապարտեզ»։
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ տարիներ շարունակ մանկապարտեզի դռները փակ էին, ինչպե՞ս համաձայնեց շենքը վերադարձնել քաղաքին:
«Խի՞ չպետք ա համաձայնեմ», - ասաց Ալեքսանյանը։
«Ազատության» հարցին՝ իր հետ քննարկե՞լ են, թե՞ ինքն ինքնակամ որոշել է դա վերադարձնել քաղաքին, պատասխանեց. «Մենք իրար հետ քաղաքապետի հետ խոսացել ենք, որոշել ենք՝ հետ ենք տալի քաղաքին»։
Դիտարկմանը, որ Բախշյանը ասում է, թե տարիներ շարունակ չէր տալիս, ասում էր վճարովի է դարձնելու, արձագանքեց. «Հարցդ տվեցիր, պատասխանեցի, էլ ուրիշ հարցեր մի տուր»։
Անահիտ Բախշյանը կարծում է, որ տարիներ առաջ ինչ-ինչ պայմաններով անհատույց վարձակալության հանձնված մանկապարտեզների շենքերը պետք է վերադարձվեն քաղաքին, որպեսզի բոլոր երեխաները անվճար մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունենան: