Վահե Գրիգորյանը չի մասնակցի Քոչարյանի և Խաչատուրովի դիմումների քննությանը

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների քննությանը:

Բարձր դատարանը հրապարակել է Հրայր Թովմասյանի ստորագրությամբ աշխատակարգային որոշում, ըստ որի Վահե Գրիգորյանի մասնակցությունը այս գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այս գործերի քննությանն այլ դատարաններում:

Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբանն էր, սակայն, դատավոր ընտրվելուց հետո հրաժարվել էր այս գործից: Վահե Գրիգորյանը ընտրվելուց հետո հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է գնում դատարանի նախագահի լիազորություններով, քանի որ այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, իսկ վերջինս բացակայում է աշխատանքից: