Զոհրաբ Մնացականյան․ ԼՂ-ն պետք է ունենա և ուժեղացնի սեփականության զգացումը բանակցային գործընթացի մեջ

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում քննարկել են հարցերի բավականին լայն շրջանակ», - այսօր ԱԳՆ-ում լրագրողներին հայտնեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում պայմաններում, երբ որ մենք ունեինք լարվածության որոշ աճ մինչև հանդիպումը: Եվ բնականաբար, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ: Եվ բնականաբար, մենք բավական մեծ տեղ հատկացրեցինք մեր քննարկումներում այդ իրողությանը, և քննարկեցինք այն բոլոր քայլերը, որ անհրաժեշտ են, որպեսզի մենք լարվածությունը նվազեցնենք, որպեսզի խուսափենք որևէ լրացուցիչ զարգացումներից, որոնք է՛լ ավելի կսրեն վիճակը», - նշեց Մնացականյանը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, Turan գործակալության փոխանցմամբ, հայտարարել էր, թե Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկայացրել են այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվել են և առանձնացրել էր փաստաթղթի այն դրույթները, համաձայն որոնց, ըստ Մամեդյարովի, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից:

Մնացականյանը այսօր հայտարարեց, որ ինքը հիմնվում է Մամեդյարովի՝ հունիսի 24-ին «ԱզերԹԱջ»-ն տված հարցազրույցի վրա:

Նախարարն ասաց նաև, որ ունեն մի քանի նախաձեռնություններ, որոնք առաջ են քաշվել համանախագահների կողմից:

Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանի համար գերակա խնդիր են մնում Դուշանբեի պայմանավորվածությունները:

2018-ի սեպտեմբերին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մեկնած Փաշինյանն ու Ալիևը սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն էին ձեռք բերել:

«Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլյուս», որովհետև իրադրությունը և լարվածությունը ի ցույց բերեց, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ: Եվ այդ առումով, երբ որ մենք ունենք զոհեր և մենք ունենք զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունը այնպիսի գործառույթների, ինչպիսին են, օրինակ, զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմները և այդ մոնիտորինգի կարողությունների ուժեղացումը: Սանկտ Պետերբուրգը և Վիեննան եղել են դրանից: Մեզ համար շատ էական են առաջին հերթին հենց այդ բովանդակային գործիքները, որոնց գաղափարը կա և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, և որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել միջավայրը, որը նպաստում է խաղաղ գործընթացին», - այսօր ասաց Զոհրաբ Մնացականյանը:

interfax.az-ի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտված չէ, և որ իրենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն իրենց «հայրենի հողերն ազատագրելուն»:

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Մնացականյանը շեշտեց, որ բանակցությունների գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատում․ - «Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել: Այդ մոտեցումը ապագա չի ունենա: Մենք բազմիցս ասել ենք և կրկնեմ, որ բանակցային գործընթացքում սպառնալիքի լեզուն չի աշխատելու»:

Նախարարի փոխանցմամբ, այս հանդիպմանը ևս քննարկվել է Լեռանային Ղարաբաղի բանակացային սեղան վերադառնալու հարցը:

Այս հարցը Փաշինյանը օրակարգ բերեց իր պաշտոնավարման սկզբում Արցախ կատարած առաջին այցի ժամանակ․ - «Որովհետև Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա և ուժեղացնի սեփականության զգացումը բանակցային գործընթացի մեջ: Սա նույնպես օրակարգային հարց է, և մենք նույնպես քննարկել ենք այս հարցը»:

Փաշինյանը հանդիպմանը հաջորդած ֆեսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել էր , նաև , որ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել օպերատիվ կապ: