Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն վաղը ճոպոնական Օսական քաղաքում, որտեղ վաղը մեկնարկում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլինի խոսքով՝ Միացյալ Նահանգների առաջնորդը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է 9 երկրների, այդ թվում՝ Ճապոնիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդների հետ։
Ճապոնիա մեկնելուց առաջ Թրամփը հրաժարվել է մանրամասնել, թե ինչի մասին է խոսելու Պուտինի և մյուս առաջնորդների հետ։ Նա միայն ասել է, որ նրանց հետ լավ զրույց է ունենալու։
Սպիտակ տունը պարզաբանել է, որ սա լինելու է Թրամփ-Պուտին գործնական հանդիպում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, և ոչ թե մեծ, առանձին բանակցություն, իսկ հանդիպումը տևելու է մեկ ժամ։
Սպիտակ տունը հայտնել է նաև, որ երկու երկրները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը, սպառազինությունների կրճատումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Իրանում, Սիրիայում, Ուկրաինայում, հնարավոր է նաև Վենեսուելայում։
Կրեմլը նույնպես հաստատել է, որ վաղը ցերեկը Ճապոնիայում կկայանա Պուտինի և Թրամփի հանդիպումը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ վաղը՝ հուլիսի 28-ին առաջին գործնական նախաճաշից հետո նախատեսված է Պուտին-Թրամփ հանդիպումը։
Ռուսաստանցի մեկնաբանները գրում են, որ Պուտինի և Թրամփի հիմնական խնդիրն է ցույց տալ, որ նրանք կարող են հանդիպել ու հարցեր քննարկել։
Կոնկրետ պայմանավորվածություններ այդ հանդիպումից սպասել պետք չէ, մասնավորապես գրում է «Վեդոմոստին»։
Հիշեցնենք՝ սա Պուտինի և Թրամփի չորորդ հանդիպումն է լինելու։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2017-ին՝ Համբուրգում նորից «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, հաջորդ հանդիպումը նույնպես միջազգային միջոցառման շրջանակում էր՝ Վիետնամում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Առանձին լիարժեք բանակցություններ երկու երկրների ղեկավարներն, ըստ էության, ունեցել են մեկ անգամ 2018-ի ամռանը Հելսինկիում։
Անցած տարի նոյեմբերին Կրեմլն ակնկալում էր նոր բանակցություններ Սպիտակ տան հետ, սակայն ամերիկյան կողմը հրաժարվել էր բանակցություններից։
Ի դեպ վաղը կայանալիք բանակցությունների մասին նույնպես Կրեմլը շատ զգուշավոր էր խոսում. մինչև վերջին պահը Վաշինգտոնը չէր հաստատում պաշտոնապես Պուտին-Թրամփ հանդիպումը Ճապոնիայում։
Հավելենք, որ առաջին անգամ Պուտին-Թրամփ նոր հանդիման մասին հայտնի դարձավ մայիսին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի Սոչի կատարած այցից հետո։