Քոչարյանի կերպարը սատկած առյուծի ուսերին նստող տեսակ է. Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ Վերաքննիչ դատարանը ճիշտ որոշում կայացրեց՝ կալանավորելով Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահն, ով նախկինում 2008-ի մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ էր, ընդգծում է՝ Քոչարյանը կարող էր ազդել դատական գործընթացի վրա, ինչի մասին և իր միջնորդության մեջ հիմնավորել էր Գլխավոր Դատախազությունը:

«Քոչարյանը կարող էր ազդեր պրոցեսների վրա, հաշվի առնելով իր կերպարը, հաշվի առնելով նաև իր պահվածքը հենց նույն դատաքննության ընթացքում, բոլորս էլ հիշում ենք՝ ինչպիսի արտահայտություն էր իրեն թույլ տալիս՝ թե՛ գլխավոր դատախազի, թե՛ դատավորների։ Իր անձը հենց էդպիսին է եղել միշտ, և իր կերպարը սատկած առյուծի ուսերին նստած տեսակ է։ Բնականաբար, մտավախություններ կա և դատախազությունը հիմնավորեց իրավական առումով նրա կալանքի տակ գտնվելու հանգամանքը, և կարծում եմ, որ դատարանը ճիշտ արեց, իմ կարծիքով, որ բավարարեց դա։ Քոչարյանը ինչ-որ բանի սիմվոլ է, և այդ սիմվոլը պետք է իր ակտիվ ներգրավվածությունը չունենա այսօրվա քաղաքական, թե դատավարական պրոցեսների վրա։ Շատերը նայում են, թե, վերջին հաշվով, Քոչարյանը բերդում, թե բերդից դուրս ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ», - նշեց Անդրանիկ Քոչարյանը։

«Ազատության» հարցին՝ եթե Քոչարյանը ազատության մեջ լինի, կարո՞ղ է ազդեցություն ունենալ, պատասխանեց. «Բնականաբար, ազդեցություն կարող է ունենալ բոլոր այն մարդկանց վրա, որոնք նաև իր իշխանավարման ընթացքում եղել են իր ենթակայության տակ, նրանք կլինեն կաշկանդված բոլոր դեպքերում՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ գործընթացների հնարավոր այլ զարգացումների դեպքում»։

Անդրանիկ Քոչարյանը հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Ըստ խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի՝ տպավարություն կար, որ մինչև որոշման հրապարակումը Քոչարյանն ու նրա թիմն արդեն գիտեին այդ որոշման մասին, ինչը ցույց է տալիս, որ նրանք կարողացել էին ազդել այդ դատավորի վրա: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի դեպքում բոլորովին այլ իրավիճակ ստեղծվեց:

«Ոչ միայն պաշտպանական թիմը գիտեր այդ որոշման մասին, այլ գիտեին նաև իր ընտանիքի բոլոր անդամները՝ թոռներով, երեխաներով, և բոլորը եկել էին դիմավորելու։ Բայց երեկվա որոշմանը տեսանք, որ ոչ մեկը չկար, դա ինչի՞ մասին է խոսում, որ իրենք կարողացել են նույն այն առաջին ատյանի դատավորի վրա ինչ-որ ներազդեցություն ուենան և դատավորի որոշման արդյունքը արդեն հայտնի էր իրենց», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով, - «Մի մոռացեք, որ պարոն Օրբելյանը՝ իր պաշտպաններից մեկը, մեկ օր առաջ լրատվական կայքերից մեկում հարցազրույց տալուց ասում է, որ 60 տոկոսով ինքը հանոզված է, որ կկայացվի խափանման միջոցի փոփոխության որոշում, որտեղի՞ց գիտեր։ Դա ապացուցվեց նաև մինչև դատավորի կարդալը իր որոշումը, ընտանիքի բոլոր անդամները, թոռները եկել և սպասում էին, որ այդ որոշումը ի կատար է ածվելու, իսկ երեկ չկային։ Դա խոսում է այն մասին, որ էդ ներազդումը երեկվա որոշման վրա իրենք չկարողացան իրականացնեն, խոսքը դրա մասին է»։

«Ըստ Քոչարյանի թիմի, Վլադիմիր Վլադիմիրիչը առավոտից երեկո մտածում է, ոնց Քոչարյանին հանի բանտից»

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը չափազանցված է համարում խոսակցություններն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կարող է որոշակի խնդիրներ առաջանցել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Բնականաբար, ըստ նրա, հետաքրքրվածություն Քոչարյանի գործի հանդեպ կարող է լինել, ի վերջո նա 10-ը տարի Հայաստանի նախագահն է եղել: Սակայն, ըստ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի, այնպես չէ, որ Վլադիմիր Վլադիմիրիչը առավոտից երեկո մտածում է ինչպես հանել Քոչարյանին բանտից, ինչպես փորձում է ցույց տալ նրա թիմը։

«Ռուսաստանը, բնականաբար, որպես իր գործընկեր պետության, հետևում է, թե երկրի ներսում ինչ է կատարվում և տարբեր ազդակներ կարող են լինել, բայց Քոչարյանի թիմը, ըստ էության, ամեն մի ազդակը, որը կարող է և կապ չունենալ ընդհանրապես իր մարտիմեկյան դատավարության հետ, իրենք ամեն ինչ փորձում են կապել, որ Վլադիմիր Վլադիմիրիչը հատուկ առավոտից իրիկուն մտածում է՝ ոնց անի, որ Քոչարյանին հանի։ Պարոն Փաշինյանն էլ, ըստ էության, էդ ազդակները չի նկատում։ Ազդակները շատ արհեստածին են, իմ պատկերացմամբ, և շատ շինծու», - ընդգծեց նա։

«Ազատության» հարցին, թե այսինքն ինքը բացառո՞ւմ է, պատասխանեց. «Ես չեմ բացառում, ես ասում եմ, որ այդ ազդակները էն ազդակները չեն, որոնց մասին Քոչարյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցները պարբերաբար դնում են շրջանառության մեջ»։

Դիտարկմանը, որ ի վերջո դեսպանը հանդիպեց Քոչարյանի հետ, արձագանքեց. «Բայց դեսպանը նաև հանդիպում է շատ այլ մարդկանց հետ, մեր հետ էլ է հանդիպում, ի՞նչ պրոբլեմ կա այդտեղ, դեսպանի գործը հենց հանդիպումներ ունենալն է։ Մենք գիտենք, տեղեկատվություն ունենք, որ գնացել է և հատկապես փոխանցել է մեսիջ, որ բարձր իշխանությունները ունեն տեսակետ Քոչարյանի դատավարության մասին, չեմ կարծում։ Պարզապես իրենք հետաքրքրված են՝ ինչ է կատարվում Հայաստանում, վերջին հաշվով երկրի նախագահ աշխատած մարդ է մեղադրանքի տակ։ Իրենց էլ է հետաքրքիր, վերջին հաշվով Ռուսաստանի քաղաքական իշխանությունը 10 տարի այս մարդու հետ աշխատել է»։

«Դա պետք է դիտել հետաքրքրություն։ կարծում եմ, որ նաև բոլոր դեսպանները հետաքրքրված են, վերջին հաշվով այս դատավարության մեջ Քոչարյանը արդեն երրորդ անգամ է՝ դուրս է գալիս, ներս է մտնում», - ասաց Քոչարյանը։

«Ազատության» դիտարկմանը՝ Միացյալ Նահանգների դեսպանը կարծեց չի հանդիպել, պատասխանեց. «Ի՞նչ գիտեք, կան հանդիպումներ, որոնք չեն հրապարակվում, բոլորն էլ հետաքրքրված են՝ ինչ է կատարվում տեսանելի դաշտում և ինչ է կատարվում ոչ տեսանելի դաշտում»։