Կառավարությունն հաստատեց նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսող նախագիծը

Կառավարությունն այսօր ընդունեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու մասին նախագիծը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց․ - «Առաջարկ կա պատգամավորներից՝ պարոն Թունյանից և պարոն Կարապետյանից 55 հազար դրամից բարձացնել 63 հազար: Մենք առաջարկում ենք 68 հազար դրամ»:

Հայաստանում նվազագույն աշխավարձը վերջին անգամ բարձրացել էր 2016-ին:

Փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը բացատրեց, որ պատգմավորների առաջարկի հիմքում 2019 թվականի առաջին եռամսյակի սպառողական զամբյուղի արժեքն է՝ 63 հազար 550 դրամ։ Իսկ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարությունը նվազագույն աշխատավարձի առաջարկվող չափը սահմանել է՝ կիրառելով մի քանի մեթոդ։ Օրինակ, առաջինով հաշվի են առել, որ ընտանիքն այդ աշխատավարձով
աղքատության ստորին, միջին և վերին սահմաներից բարձր գտնվի։

Ըստ հետազոտության, դրա համար 67 հազար 660 դրամը բավարար է․ - «Նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության եղանակով 70 հազար 142 դրամ, և 2019 թվականի ապրիլ-մայիսին մենք հարցում ենք իրականացրել շուրջ 1500 գործատուների մոտ, և իրենց առաջադրած միջին մեծությունը 70 հազար 254 դրամ էր»:

Փոխնախարարի խոսքով, նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ են սահմանել՝ միջինացնելով հետազոտության արդյունքները։​

«Էստեղ կարևոր է հասկանալ՝ ինչ գործնական խնդիր ենք լուծում նվազագույն աշխատավաորձը բարձացնելով, այսինքն՝ ի՞նչ է դա փոխում մարդկանց կյանքում», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի խոսքով, նվազագույն աշխատավարձի բարձացումն ուղիղ ազդելու է մասնավոր հատվածի 45 հազար, իսկ պետական ոլորտի 35 հազար աշխատողների վրա։

Առողջապահության ոլորտում նույնպես աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում։ Կառավարությունը հաստատեց առողջապահության նախարարությանը մոտ 12 միլիարդ դրամ հատկացնելու նախագիծը։ Հատկացվող գումարով նաև մինչև 18 տարեկան քաղաքացիների համար բժշկական ծառայությունները կիրականացվեն պետպատվերի շրջանակում։

«Սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայմանը, մասնավորապես, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ», - ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Հատկացվող գումարով կավելացվի նաև շտապօգնության խմբերի թիվը, մասնավորապես Երևանում: Մի քանի բժշկական կենտրոններ կվերակառուցվեն ու կնորոգվեն։

Վարչապետ Փաշինյանն ասաց․ - «Էս որոշումը, այո, կայացնում է կառավարությունը: Բայց ես ուզում եմ ասել, որ այս որոշման իրական հեղինակներն այն մարդիկ են, ովքեր իրենց գործունեության արդյուքնում ստեղծել են ավելացված արժեք և հարկեր են վճարել Հայաստանի Հանրապետությանը»:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ հայաստանյան առողջապահության ոլորտում նման կարևոր փոփոխություններ առաջին անգամ են իրականացվում։

Փոխնախարարի տեղեկացմամբ, փոփոխություններն ազդելու են 500 հազար քաղաքացու վրա։