Մարտի 1-ի տուժողի ներկայացուցիչ, Մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի համոզմամբ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին չկար մի այնպիսի պաշտոնյա, որը կարողանար Քոչարյանին դեմ գնար և Մարտի 1-ը չծնվեր։
«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Սաֆարյանը պնդեց՝ կան ապացույցներ, որ Մարտի 1-ին նաև օլիգարխներն ու նրանց թիկնապահներ են կանգնած եղել Կառավարության շենքի մոտ։
«Մանվել Գրիգորյանը չի եկել էդ խորհրդակցությանը և Ռոբերտ Քոչարյանն այդպիսի բան է ասել՝ «մաման լացացնելու եմ», էս կարգի ցուցմունք կա։ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը չեմ և չգիտեմ հիմա Մանվել Գրիգորյանի դերը Մարտի 1-ին ինչպիսի՞ն է եղել՝ և՛ լավ, և՛ վատ առումով, բայց ասենք մարդիկ կան, որոնք չեն ցանկացել խառնվել այս պատմությանը, մի՞թե դա հակադրում դիտելու և մարդուն վատ դրության մեջ դնելու սպառնալիքի տեղիք կարող է տալ։ Այս ամենից կարող ես եզրակացնել, որ չկար մի այնպիսի պաշտոնյա, որը կարողանար Ռոբերտ Քոչարյանին դեմ գնար և Մարտի 1-ը չծնվեր», - ասաց Մարտի 1-ի տուժողի ներկայացուցիչը։
«Ազատության» հարցին, թե այդ օրերին գաղտնի շտաբում օլիգարխների դերակատարության մասին ի՞նչ տվյալներ կան, Սաֆարյանը պատասխանեց. - «Կան ցուցմունքներ, որ Գագիկ Ծառուկյանը Չարբախում ուտելիք է սպասարկել, կան օբյեկտիվ ցուցմունքներ բազմաթիվ, որոնք վկայում են այն մասին, որ Կառավարության շենքի մոտ զենք է բաժանվել մարդկանց և դրանք եղել են օլիգարխների թիկնապահներ։ Առերես պնդումներ կան, որ առերես հարցաքննվել են երկու մոտիկ ընկերներ, մեկը մեկին պնդել է, որ «Դուք համազգեստ ստացել եք», նա էլ ասում է՝ «Չէ, լավ չեմ հիշում», խուսափողական պատասխաններ։ Կան էդպիսի ապացույցներ։ Կան, որ էդ օլիգարխները կանգնած են եղել Կառավարության շենքի մոտ»։
Մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամը նաև նշեց՝ ապացույցներ կան, որ Կառավարության շենքի մոտ այդ ժամանակ նաև շրջելուց են եղել Յուրի Խաչատուրովը, Վլադիմիր Գասպարյանը։
«Ուզում եմ նաև հակադարձել Խաչատուրովի փաստաբանի այն տեսակետին, որ «Խաչատուրովը ոչինչ չի արել, ի՞նչ է արել որ»։ Երևի աչքերը փակել է, որ չտեսնի, թե ոնց են փողոցում զենք բաժանում։ Խաչատուրովն անվերջ եղել է Կառավարության շենքում, Խաչատուրովն անվերջ տեսել է, թե այնտեղ 100-ից ավելի ղարաբաղյան զինված ուժերն ինչպես են առաջին հարկում՝ միջանցքներում քննապարկերի մեջ Կառավարության շենքը վերածել էսիմ ինչի։ Այնտեղ նստած է եղել նաև Սերժ Սարգսյանը։ Ուզում են ես ի՞նչն ապացուցեմ, ապացուցած իրավիճակ է, հիմա պետք է ընդամենը փաստերին գնահատական տալ, ինչը նախաքննական մարմինն արել է։ Այդտեղ որևէ հատուկ ջանք պետք չի եղել գործադրել, որ ապացույցներ հավաքես, բոլոր ապացույցները կան, մնում է այդ ապացույցներին օբյեկտիվ գնահատական տալ», - ասաց Սաֆարյանը։
Մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամը նաև նշեց, որ «Ալրաղացի Լյով» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանի թիկնապահներն են համազգեստ և զենք ստացել, Ռուբեն Հայրապետյանն ու նրա թիկնապահներն են այնտեղ եղել։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.