Զոհրաբ Մնացականյանը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 26-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ԵԱՀԿ Մինսկ խմբի համանխագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները:

Անդրադառնալով հանդիպմանը նախորդող շրջանում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով իրադրության լարմանը՝ նախարար Մնացականյանն ընդգծել է նման զարգացումների բացասական ազդեցությունը խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Խաղաղ գործընթացի առաջմղման գործում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը և ռազմատենչ հռետորաբանության բացառումը: