Ռուսաստանը աջակցում է Ռ․ Քոչարյանին, որովհետև նա կողմ է Մեղրիի տարբերակին․ Արամ Սարգսյան

«Ազատությունը» զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

«Ազատություն»․ - Դատարանը կրկին որոշում կայացրեց մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին, և Հայաստանի երկրորդ նախագահը վերստին ճաղերի հետևում է: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ այս իշխանությունների համար լինելու է ընդդիմադիր բևեռ, լինելու է հակառակորդ, սակայն ցայսօր կշիռ ունեցող որևէ քաղաքական ուժ չի հայտարարել Քոչարյանին միանալու մասին, թեև ամիսներ են անցել: Ձեր կարծիքով սա ի՞նչ է նշանակում:

Սարգսյան․ - Քաղաքականությունը որպես չդատվելու ևս մեկ միջոց օգտագործել է նշանակում: Ուրիշ ոչինչ: Բազմաթիվ են դեպքերը հայ իրականության մեջ, որ տարբեր քրեական հանցագործությունների փորձվել է քաղաքական երանգ տալով դրանից ազատվել: Սա էլ էդ դեպքերից մեկն է: Ես ընդհանրապես սովորություն չունեմ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, հանգուցյալների և անազատության մեջ գտնվողների մասին տեսակետներ ասելու, որովհետև հավասար պայմաններում չենք, բայց ես խորապես համոզված եմ, իմ անձնական կարծիքն է, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի դատվի: Որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության բոլոր կետերը՝ ներառյալ դրոշի ու զինանշանի, խախտել է, դա մի կողմ: Ինքը նաև, իմ կարծիքով, խախտել է տասը պատվիրանները՝ մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը․ Պողոս Պողոսյանի պարամետրով ասեմ, որ չասեն Մարտի 1-ով: Այսինքը, եթե Ռոբերտ Քոչարյանը չի դատվելու, բա էլ ո՞վ է դատվելու, էդ դեպքում բանտի դռները բացենք:

«Ազատություն»․ - Դուք ասում եք, որ խախտել է տասը պատվիրանները, ներառյալ մի սպանիրը: Կարծում եք Ռոբերտ Քոչարյանը մարդասպա՞ն է:

Սարգսյան․ - Պողոս Պողոսյանին «բարև, Ռոբ»-ի համա՞ր չեն սպանել: Ինքն է սպանել թե ով՝ կարևոր չի, չէ՞: Իր թիկնազորն է սպանել, չէ՞: Եվ էդ թիկնազորը որևէ րոպե չի դատվել, չէ՞: Էստեղից հետևությունը արդեն թողնում են հանրությանը: Ակնհայտ է, չէ՞, որ իր թիկնազորի անդամը մեկ ժամ անգամ չի դատապարտվել զուգարանում մարդ ծեծելով սպանելու խնդրում: Ակնհայտ է, չէ՞: Ակնհայտ է, չէ՞, որ էդ տարիներին դատական պրոցեսներ գնացին բազմաթիվ մարդկանց [նկատմամբ] քաղաքական ենթատեքստով: Իմ ընկեր Սմբատ Այվազյանին, օրինակ, ավտոյի բեռնախցիկում չինական արտադրության մահակ հայտնաբերելու առումով: Կամ Հուսիկ Բաղդասարյանին, որը Արցախյան պատերազմի փառավոր անցած ուղի ունի: Իր տանը «Տիգր» տիպի որսորդական հրացան են հանում, որի օրինական փամփուշտների համար երեք տարի դատապարտում են: Էս Ռոբերտ Քոչարյանի դատարաններն են, որոնք նման որոշումներ են կայացրել: Որոնք իմ նման մարդուն, որը երբեք որևէ պետական շենքի զավթման կամ բռնության կոչ չի արել, մեղադրանք են ներկայացրել 300-րդ հոդվածի առաջին մասով, տունս խուզարկել, ամիսներով հարցաքննության տարել, ստորագրություն չբացակայելու մասին թուղթ են վերցրել: Եվ էսպես շարունակ»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․