Սխալ եմ համարում, որ քավորսանիկությունը վերանա քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո. Լևոն Յոլյան

«Ոչ առողջ ու անձնական շահերով պայմանավորված». Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր այսպես որակեց երեկ խորհրարդանի ամբիոնից իր հասցեին հնչած ամենասուր քննադատությանը։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը Յոլյանին անվանել էր «նախկին քրեակաօլիգարխիկ համակարգի» ներկայացուցիչ և վերջինիս հեռանալու կոչ արել։

«Դուք թերևս բոլորից լավ գիտեք ով ով է և ինչով է զբաղվում, կամ ինչն է հովանավորում: Եվ կարդալով մեր նյութը, ինքներս կհասկանաք այն շրջանակը, որին այդպես ցավացրել են մեր նյութերը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Յոլյանը:

Ճշտող հարցերին, թե ում է ակնակում և որ շրջանակների մասին է խոսում, Յոլյանն այդպես էլ չմանրամասնեց։

2017 թվականից երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով խորհրդարանի կողմից պալատի նախագահ ընտրված Յոլյանը հեռանալու մտադրություն չունի՝ չնայած ընդդիմադիր պատգակավորի կոչին։

Յոլյանն ասաց, որ Բաբաջանյանի՝ երեկվա ելույթում նշած երկու ընկերություններն իսկապես հիմնադրել է, բայց դրանք չեն դիմացել մրցակցային պայմաններին և այլևս չեն գործում:

Նա նաև չհերքեց, որ իր կինն իսկապես ոսկու հանք ուսումնասիրելու թույլտվություն է ունեցել 2015 թվականին, երբ ինքը Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալն էր․ - «Կինս ունեցել է լիցենզիա ուսումնասիրման, որը մի քանի ամիս հետո փակվել է, քանի որ մասնագետների նախնական ուսումնասիրությունը խոսեց, որ տվյալ հանքավայրը հեռանկար չունի, անիմաստ ծախս է»:

Հանքարդյունաբերական ոլորտում հետաքրքրություն է ունեցել նաև Յոլյանի դստեր ամուսինը, որը 2017-ին փետրվարին ընդերքի ուսումնասիրության թույլտվության է ստացել։ Հաշվեքննիչ պալատի նախագահը շտապեց ընդգծել, որ փետրվարին ինքն արդեն Էներգետիկայի և բնական պաշարների նախարար չէր, պաշտոնից հեռացել էր 4 ամիս առաջ։

Յոլյանի փեսան ևս հաջողության չի հասել իր նախաձեռնությունում․ - «Նույն իրավիճակն է․ որոշ չափով թեթև ուսումնասիրություններ և 2017 թվականի ընթացքում գործունեության դադարեցման որոշում է կայացվել»:

Հաշվեքննիչ պալատի նախագահը չհերքեց նաև, որ պալատի աշխատակազմի ղեկավարը Հայկ Ավագյանը իր սանիկն է, սակայն հավելեց, որ Ավագյանը պալատում դեռ 2007 թվականից էր աշխատում․ - «Հայկ Ավագյանը աշխատել է պալատում մինչև իմ քավոր դառնալը: Հիմա աշխատակազմի ղեկավարն ա: Եթե դա հանցագործություն ա կամ չարամիտ ինչ-որ բան ա, խնդիր չկա: Բայց քավոր-սանիկությունը վատ բան չի: Ձեր ձևակերպումներն էլ՝ «հարազատներին, բարեկամներին փող ա տալիս», «քավորը սանիկին բերել ա աշխատակազմի ղեկավար», տենց չի»:

Անդրադառնալով հետհեղափոխական Հայաստանում եղած զարգացումներին՝ Յոլյանն ասաց, որ դեմ է ընկերական կամ քավորսանիկական հարաբերությունների վրա խաչ քաշելը քաղաքական իրադրության փոփոխության պատճառով։

Ինքը Յոլյանը նախկին նախագահներից ու վարչապետերից ոմանց հետ լավ հարաբերություններ է ունեցել․ - «Արմեն Դարբինյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ: Քոչարյանի հետ չեմ ունեցել, քանի որ առիթ չի եղել, ընդամենը մեկ անգամ նշանակվելու ժամանակ եղել եմ հարցազրույցի իր մոտ: Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ: Ես նշեցի իմ կենսագրությունը: Իմ հաջողությունները երևի թե պայմանավորված է, թույլ տվեք իմ սկզբունքներին դեմ գնամ, երևի թե ինձնով»:

Նախկինում Վերահսիչ, այժմ Հաշվեքննիչ պալատը անցյալում շարունակ քննադատվում էր լուրջ բացահայտումներ չանելու, իշխանություններից անկախ չգործելու ու նրանց կոռուպցիոն շահերին դեմ չգնալու համար։

2007-2016 թվականներին պալատի նախագահի տեղակալ աշխատած Յոլյանից հետաքրվեցինք չի՞ կիսում պալատի՝ այդ տարիների անարդյունավետ աշխատանքի պատասխանտվությունը:

«Ես նման գնահատական չէի տա, հատկապես որ ես ղեկավարը չեմ եղել: Կոռեկտ էլ չի իմ նախորդ կոլեգային գնահատական տամ», - ասաց Լևոն Յոլյանը: