Ավելի քան երեք տասնամյակ հետո բեմադրվել է Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերան

«Գիքոր» օպերայի հեղինակ Ստեփան Ջրբաշյանը:

Մեր անվանի կոմպոզիտորներից Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերայի բեմադրությունը երևի երբևէ տեղի չունենար, եթե Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Անահիտ Գևորգյանը և ևս մի քանի նվիրյալներ, նաև ողջ դպրոցի կոլեկտիվն ու աշակերտությունը հաստատակամ չգտնվեին և չմտադրվեին անպայման իրականացնել այս նախագիծը, որը նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

Ի դեպ, Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցն առաջին անգամ սեփական ուժերով հենց Տիգրանյանի «Անուշ» օպերան է բեմադրել և Միացյալ Նահանգներում այս օպերայի ներակայացման ժամանակ էլ ծագել է նաև «Գիքոր» օպերան բեմադրելու գաղափարը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անունը կրող օպերային ստուդիայում վաղվա պրեմիերայից առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում նախագծի հեղինակ, Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը ներկայացրեց․ - «Գիքոր» օպերան բեմադրվել է առաջին անգամ 1974 թվականին, Ստեփան Ջրբաշյանի մահվանից հետո: Խաղացանկում է մնացել մինչև 1986 թվականի մարտ ամիսը: Դրանից հետո կորել է պարտիտուրան, և 33 տարի դադար է եղել: Երբ մենք, Միացյալ Նահանգներում էինք համերգներով, հայտնի օպերային երգչուհի Աննա Նշանյանը մեզ տեղեկացրեց, որ՝ «Գիքոր» օպերա գոյություն ունի, և ես ինքս մարմնավորել եմ Նատոյի կերպարը: Ասեց՝ այնպիսի չքնաղ երաժշտություն է, որ սիրտս ցավում է, որ այդ օպերան այլևս չի բեմադրվել»:

Միացյալ Նահանգներից վերադառնալուց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գրադարանավարուհի Նազելի Մինասյանի անասելի ջանքերի շնորհիվ մեկ տարվա փնտրտուքից հետո պահոցներից վերջապես հաջողվում է գտնել օպերայի պարտիտուրան:

«Եվ մեր դպրոցի երգչախմբի ղեկավար, հրաշալի երաժիշտ Ռուբեն Կարասեֆերյանի հետ միասին մենք հանձն առանք այն կարևոր, ազգանվեր և մեր մշակութային գանձարանի համար շատ կարևոր մի գործի: Մեր կվերադարձնենք պարտիտուրան կորած, և լիահույս եմ, որ երբևիցե մեր օպերային թատրոնում մենք կտեսնենք հայտնի երգիչների կատարմամբ», - ասաց Անահիտ Գևորգյանը:

Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերայի բեմադրության աշխատանքները սկսել են այս տարվա մարտ ամսից, ռեժիսորն ու բեմանկարիչը Նարինե Թարզիմկոյանն է, պարուսույցը՝ Գոռ Մկրտչյանը, վոկալ մասի ղեկավարն է Շաքե Աշչյանը, ներկայացման դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանը:

«Գիքոր» օպերայի բեմադրությունը հովանավորել են ամերիկահայ մեր հայրենակիցներ Սիրվարդ և Կարո Կավուկչյանները:

Այս նախագծում ներգրավված են ավելի քան 150 մասնակիցներ՝ մեծ մասամբ երեխաներ, այդ թվում և նվագախմբում, որը կրում է Արմեն Տիգրանյանի անունը:

Նախագծի մհեղինակ Անահիտ Գևորգյանն ասում էր՝ որպես դպրոցի ութնամյա տնօրեն հետևյալ սկզբունքն է որդեգրել․ - «Ես պետք է այդ քարացած կարծրատիպերը կոտրեմ, պետք է լայնամասշտաբ աշխատանք ես ծավալեմ, արվեստի տարբեր ճյուղերը պետք է ներգրավված լինեն այդ աշխատանքի մեջ: Երեխաներին, շատ երեխաներին պետք է մենք հասանելի դարձնենք մեր դասական երաժշտության գոհարները: Այդպիսի ավանդույթ ձևավորվեց մեր դպրոցում․ շատ մեծ նախագծերի միջոցով շատ երեխաների ներգրավենք այդ բոլոր նախագծերի մեջ»:

Ուշագրավ է, որ դեռ 70-ականներին բեմադրված այս օպերայի գլխավոր դերերգերից Գիքորի դերերգը երկար տարիներ կատարել է մի երիտասարդ վոկալիստուհի՝ Ասյա Հայրապետյանը, որի թոռնուհի Անի Թամազյանն այսօր կատարում է նույն դերերգը․ - «Ինչո՞ւ աղջիկ: Որովհետև Ստեփան Ջրբաշյանը էնպիսի դիապազոնում է Գիքորի պարտիաները գրել, որ մենք հնարավորություն չունեցանք տղա երեխա․․․ էդպիսի մեծ դիապազոնով դիսկանտ ձայն էր պետք: Անիին երբ որ մենք ընտրեցինք Գիքորի դերի համար, մենք չգիտեինք, որ առաջին Գիքորի դերակատարը իր տատիկն է եղել»: