«Որպեսզի տեղափոխվեն ժամանակավոր, մինչև Սիսակյան 3-ը հանձնվի շահագործման: Ընդ որում Սիսակյան 3-ը ավելի վաղ է հանձնվելու, քան պլանավորված էր», - նշեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Արցախի 10 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքից 19 ընտանիքներ հրաժարվել են դուրս գալ:
Հայկ Սարգսյան․ - «Պատճառաբանությունները շատ տարբեր և հաճախ մի քիչ ֆանտաստիկ են թվում: Մարդիկ ասում են՝ մենք չենք ուզում մեկ բնակարան, այլ ուզում ենք երկուսը, չենք ուզում մեկ սենյակ, այլ ուզում ենք երկուսը, չենք ուզում վարձով, ուզում ենք հենց հիմա»:
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքի փնտրտուքը ժամեր տևեց: Այն մի ամայի վայրում է և միայն բորբոքված բնակիչների ձայներով է հնարավոր գտնել արդեն իսկ փլուզման պրոցեսի մեջ գտնվող շենքը:
Վեճը քաղաքապետարանի՝ դեպի նոր տուն հեռանալու առաջարկն ընդունած ու նույն առաջարկը չընդունած հարևանների միջև է:
Հանրակացարանային շենքի լիազոր Մարիետա Հովհաննիսյանն ասում է, որ շատերին է համոզել հեռանալ-փրկվել, բայց մնացողները անդրդվելի են․ - «Երկու սենյակ են պահանջում: Մարդ կա, երկու սենյակ ա ստանում, երեք սենյակ ա պահանջում: Մարդ կա, ընդհանրապես իրա մամայի մահից հետո ստեղ չի էկել, մինչև հիմա զանգում, կանչում ենք, իրանք չեն գալիս»:
Ժաննա Խաչատուրովան պնդում է, թե դստեր, թոռնիկի, ամուսնացած որդու հետ քաղաքապետարանի առաջարկած երկու սենյականոցով չեն կարող բավարարվել: Մտադիր չէ հեռանալ, թեպետ շենքը իր աչքի առջև է քանդվում․ - «Ավելի լավ ա քանդվի, քան ես էսքան պայքարից հետո, 32 տարի բնակվելուց հետո անարդարության զոհ դառնամ»:
Ավերակների մեջ ապրող Բաղդասարայնները նույնպես մերժել են երկու մեկսենյականոցի առաջարկը: Ընտանիքի հայրը բացատրում է, որ 13 հոգի են, տղաներից մեկը ամուսնացել է, միջնեկը՝ նշանվել, էլի հարս են բերելու, մեծ տուն է պետք:
Նոր տուն տեղափոխվելու քաղաքապետաանի առաջարկը սեպ է դարձել հարևանների միջև։ Գալինա տատիկը վեճին հեռվից էր հետևում, բայց նա էլ մի լավ տրամադրություն չուներ: Գալինա Միքայելյանի տունը տանիքի տակ է, եթե անձրևային եղանակ է, գիշերել հնարավոր չէ, որովհետև պաշտպանող առաստաղը չկա: Քաղաքապետարանը նրան առաջարկել է տեղափոխվել վարձով տուն, մինչև իր բաժին բնակարանի կառուցումն ավարտվի, վարձը կվճարեն: Բայց տատիկը վարանում է․ - «Չգիտես էտի ճիշտ ա, սուտ ա: Մարդկանց մեջ վախ ա մտել․ կարող ա հանեն, ու դուրսերը մնանք»:
Ոչ պակաս վախեր ու անվստահություն ունի տիկին Կաքավը․ - «Ես մնալու եմ շենքում, չեմ գնալու»:
Հանրակացարանային միջանցքում տարեցներ են, բազմաթիվ երեխաներ: Շենքը այնպիսի վիճակում է, որ ամեն օրը այստեղ կարող է վերջինը լինել: Բնակիչների մեծ մասը քաղաքապետարանի առաջարկից նույնիսկ եթե գոհ էլ չեն, հեռանում են փրկվելու համար:
«Ուզում ենք շուտ տեղավորվենք ու գնանք ստեղից: Իրանք մի հատ ստացել են, քանի հատ են ուզում: Իրանց պրոբլեմն ա», - ասաց շենքի բնակիչներից Թագուհի Ենգիբարյանը:
Այս միտքը դուր չեկավ անարդարությունից բողոքող հարևանուհուն ու բռնկվեց մի նոր վեճ:
Իսկ Հովակիմյանները իրերն են հավաքում, ամուսինները, երեք երեխաները ու երկու ոտքերից զրկված հայրը նոր տուն են գնում․ - «Ինչ տան, մենակ գնամ: Իմ էրեխեքը չմնան փլուզման տակ»:
Քաղաքապետարանում չգիտեն, թե ինչպես վարվել վտանգավոր պայմաններից հեռանալ չցանկացող մարդկանց հետ:
Փոխքաղքապետը շեշտում է, որ քաղաքը բնակարանային մեծ ռեսուրսներ չունի, առաջարկում են հնարավորը․ - «Իրենց գրավոր է նաև էդ մասին ծանուցվել, որ շենքը պայթյունավտանգ վիճակում է, կարող է ամեն վայրկյան կփլվել նույնիսկ մի թեթև հարվածից: Այնուամենայնիվ, մարդիկ ունեն իրենց իրավունքները, և մենք առայժմ չենք օգտվի հարկադիր վտարման հնարավորությունից»: