Դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Վերքննիչ դատարանը որոշեց՝ դատախազ Պետրոսյանի, տուժողի և նրա ներկայացուցիչ Սաֆարյանի վերքննիչ բողոքները բավարարել։ Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման, կամ պահպանման հարցի քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը բեկանել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակյանի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը», - որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը։
Դատարանը Քոչարյանի կալանքի սկիզբը հաշվեց նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից, որոշման կատարումը հանձնարարեց Ոստիկանությանը, իսկ որպես անձնական երաշխավորություն մուծված դրամական գումարները հանձնարարեց վերադարձնել դրանք մուծած անձին։
Որոշումը ենթակա է բողոքարկման այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում։
Դատարանը նաև բեկանեց Սահմանդրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի որոշումը և համապատասխան քրեական գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։
Նշենք, որ Քոչարյանն ու նրա պաշտպանական խումբն այսօրվա նիստին ներկա չէին։ Այսօր ավելի վաղ պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել՝ մանրամասնելով. - «Վերաքննիչ քրեական դատարանը թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ Պաշտպանական խմբի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր կայանալիք նիստին»։
Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Վերաքննիչ ատյանի դատավոր Արմեն Դանիելյանն այդ բողոքները քննեց ի պաշտպանություն և ընդդեմ Քոչարյանի ընթացող բողոքի ակցիանների ներքո և անսպասելիորեն խորհրդակցական սենյակ հեռացավ հունիսի 20-ին:
Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Դանիելյանը դիմել է Ոստիկանություն իր անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ նման պահանջով Ոստիկանություն էր դիմել նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի որոշմամբ, մայիսի 18-ին Ղարաբաղի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանը կալանքից ազատվեց, դատավորը անմիջապես կասեցրեց գործի վարույթը, այն ուղարկեց ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։