Եթե ՍԴ անդամները հրաժարական չտան, ՍԴ ճգնաժամը Ազգային ժողովում կհանգուցալուծվի․ Փաստաբան

Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյան, արխիվ

Չորրորդ օրն է՝ Սահմանադրական դատարանում (ՍԴ) աշխատում է նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, իր հիմնավորմամբ՝ նախագահի լիազորություններով: Զուգահեռ պաշտոնավարում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Վահե Գրիգորյանն ընտրված դատավոր է, Հրայր Թովմասյանն՝ անդամ:

Ըստ Գրիգորյանի՝ փոխված Սահմանադրությամբ բարձր դատարանում որոշում ընդունելու լիազորություն ունեն միայն դատավորները, նախկին Սահմանադրությամբ ընտրված անդամները՝ ոչ: Ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը: Փաստաբան Կարապետ Բադալյանը երկու լուծում է առաջարկում: Նախադեպն էլ հիշեցնում:

«Սա հրատապ լուծում պահանջող հարց է։ Այսինքն մենք ունենք ոչ լեգիտիմ քաղաքական իմաստով, ոչ լեգիտիմ իրավաբանական իմաստով դատարանի կազմ։ Ցանկացած իրանց որոշում վստահություն չունի, հեղինակություն չունի։ Մեր պատմությունը տեսել է ժամանակներ, երբ որ մեր մոտ Գերագույն դատարանը փոխակերպվեց, դարձավ Վճռաբեկ դատարան։ Օրենքով էդ փոխակերպումը արձանագրվեց ու իրականացվեց, ոչ մի սենց խնդիր չբարձրացավ, որովհետև օրենքով էդ հարցը լուծվեց։ Այո, պետք է Ազգային ժողովը էդ հարցը լուծի, ինքը էդ հնարավորությունները ունի, քանի որ Սահմանադրությունը էդ հարցում լուռ է, չի կարգավորում այդ հարցը, պետք է Ազգային ժողովը համապատասխան օրենքով քննարկեն ու լուծումը առաջարկեն», - նշեց Բադալյանը։

ՍԴ անդա՞մ, թե՞ դատավոր, տարբերություն չկա։ Սահմանադրության 213-րդ հոդվածը կարգավորում է հարցը, ըստ որի, Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները կարող են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը, հակադարձում է Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբինոի վարիչ Վարդան Այվազյանը:

«Անվան փոխանակումից, փոփոխությունից բացարձակապես չի փոփոխվել Սահմանադրական դատարանի էությունը և նրա գործառույթները», - ասաց Այվազյանը։

Այդուհանդերձ, Վահե Գրիգորյանի ընդդիմախոս, սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ որպես ճգնաժամից դուրս գալու լուծում մատնացույց է անում Սահմանադրության փոփոխությունը:

«Էնքան պարզ է ճանապարհը։ Այդ անցումային դրույթները Ազգային ժողովը ընդհանուր թվի երկու երրոդով կարող է շատ հանգիստ փոփոխել։ Փոխում են և վերջանում է հարցը։ Էդ ձեր ասածով Ազգային ժողովը էդ երեք հինգերորդի ընթացակարգով ընտրում է նորից նոր Սահմանադրական դատարանի դատավորներ, որոնք էլ իրենց կազմից ընտրում են նախագահ», - ընդգծեց Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբինոի վարիչը։

Սահմանադրական օրենքի փոփոխությունը տարբերակներից մեկն է, կարող է բանը դրան էլ չհասնել, ըստ Կարապետ Բադալյանի։ Օրինակ, Սահմանադրական դատարանի յոթ անդամը, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը ստանան սոցիալական երաշխիքներ և հրաժարական տան, կընտրվեն նոր դատավորներ, որոնք էլ իրենց հերթին կընտրեն ՍԴ նախագահ:

«Անդամների կարգավիճակը պետք է լուծվի, օրենքով լուծվի, եթե հրաժարական կտան, ավելի լավ, շատ ավելի լավ կլինի, բայց եթե հրաժարական չեն տալիս, օրենքով հարցը պետք է լուծվի, որովհետև մարդիկ երկար տարի աշխատել են, վաստակ ունեն, հիմա դատարանը լեգիտիմ չի քաղաքական իշխանությունը ինչ է եղել, բայց մարդկանց հարցը պետք է լուծվի։ Սոցիալական երաշխիքներ կտան կամ իրանք կփոխվեն, կդառնան ՍԴ դատավորներ, այդ հարցը պետք լուծվի, պետք է քննարվի», - նշեց Բադալյանը։

Սահմանադրական անդամի և դատավորի գործառույթների տարբերությունը քննարկման առարկա դարձավ հունիսի 20-ից, երբ Ազգային ժողովում երդվելիս Վահե Գրիգորյանը բարձրաձայնեց Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի մասին և հայտարարեց, թե նախագահի լիազորություններ ստանձնելով ՍԴ-ում կսկսի քննարկել դրա լուծումները: Պարզաբանեց, թե ինքը ՍԴ-ում երկրորդ ընտրված դատավորն է, մյուսներն, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը անդամի կարգավիճակում են: 2018-ին փոխված Սահմանադրական օրենքի համաձայն ՍԴ որոշումներն ընդունում են դատավորները, առնվազն հինգ դատավորի քվեով:

Նախկին օրենքով ընտրված անդամների կարգավիճակն այլ է, որոշում ընդունելու իրավասություն չունեն: Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը նախկին Սահմանադրությամբ է սահմանված, միչև 65 տարեկանը։ Անդամների պաշտոնավարումը 12 տարով է։

«Եթե չեն հրաժարվում, շարունակվում է այս վիճակը։ Օրենքով Ազգային ժողովը արդեն էդ մարդկանց կարգավիճակի հարցը պետք է լուծի, թե ոնց կլուծի, թե Ազգային ժողովում քաղաքական ուժերը ինչ համաձայնության կգան, էդ արդեն դատավորների կառավարման տիրույթից դուրս է, որովհետև խորհրդարանի ուժերը կորոշեն։ Լավ կլինի, որ իրենք իրենց հարցերը լուծեն, չթողնեն, որ Ազգային ժողովը էդ հարցը լուծի», - ասաց Բադալյանը։

Մինչ Վահե Գրիգորյանի համախոհներն ու ընդդիմախոսները լուծումներ են քննարկում, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը վստահեցնում է՝ Բարձր դատարանում ճգնաժամ չկա: Հրաժարականների մտադրություն՝ նույնպես:

«Դուք չգիտեմ ինչ ճգնաժամ եք տեսնում, ես ճգնաժամ չեմ տեսնում։ Եթե էդպես վերցնենք մի դատավորի մեկնաբանություն, ոչինչ չի լինի», - նշեց նա։

«Ազատության» հարցին՝ Սահմանադրական դատարանի անդամները հրաժարականի մտադրություն ունե՞ն, Գյուլումյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ։ Իսկ ինչի՞ պետք է հրաժարական տան։ Ցանկացած իրավական անգրագիտություն, եթե հրապարակեք, դրա համար մենք չենք պատրաստվում հրաժարական տալ»։

Վահե Գրիգորյանի հետ համատեղ աշխատանքը պատկերացնում է, բայց դատավորի կարգավիճակում: