Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան առջև ի աջակցություն Խաչատուրյան քույրերի

Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա ի աջակցություն մոսկվայաբնակ Խաչատուրյան քույրերի, որոնք 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայի իրենց բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներով սպանել են իրենց հորը։ Բողոքի ակցիայի մասնակիցների հիմնական պահանջն է արդարացնել քույրերին, քանի որ այն եղել է ինքնապաշտպանություն։

Ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի, պետական մարմինները տեղյակ են եղել ընտանիքում առկա բռնության դեպքերի մասին, և դա խոսում է այն մասին, որ գործ ունենք «պետության հանցավոր անգործության և միգուցե հովանավորչության հետ»։ 19-ամյա Քրիստինա, 18-ամյա Մարիա և 17-ամյա Անգելինա Խաչատուրյանները սպանությունից հետո զանգահարել են ոստիկանություն և հաղորել հանցագործության մասին։ Հարցաքննության ընթացքում քույրերը ընդունել են, որ իրենք են սպանել իրենց 57-ամյա հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին՝ հիմնավորելով, որ հայրը տարիներ շարունակ բռնության է ենթարկել իրենց և նրանից ձերբազատվելու միակ միջոցը դա է եղել։

Ավագ և միջնեկ աղջիկներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ սպանություն իրագործելու համար, ըստ որի նրանց 8-20 տարվա ազատազրկում է սպառնում։ Անչափահաս քույրը ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Ընտանիքի հարևանները հաստատել են, որ հայրը տարիներ շարունակ ծեծել է դուստրերին, թույլ չի տվել նրանց նույնիսկ դպրոց հաճախել, պարբերաբար լսել են տանից հնչող կռվի ձայներ, ինչպես նաև աղջիկներին տեսել են կապտուկներով։ Աղջիկները ասել են, որ նաև հոր կողմից ենթարկվել են սեռական բռնության:

Քույրերի մայրը՝ մոլդովացի Աուրելիա Դունդուկն է, որին Միխայիլը տանից վռնդել էր դեռ տարիներ առաջ։ Դունդուկը աղմկահարույց դեպքից հետո հանրայնացրել է, որ անձամբ դարձել է նախկին ամուսնու բռնությունների զոհը։ Կինը չի կարողացել տանից դուրս գալ, հանդիպել ազգականներին։ Ընտանիքում երեխաները չորսն են, բացի քույրերից կա նաև մեկ տղա երեխա, ում հայրը տանից դուրս էր արել, քանի որ տղան իր նման չի եղել։

«Կոսմոմոլսկայա պռավդային» տված հարցազրույցի ժամանակ մայրը պատմել էր, որ Միխայիլը որդուն անվանում էր «կին», քանի որ վերջինս ագրեսիվ չէր։ Տղան նույնպես դարձել է հոր բռնությունների զոհը։ Հայրը տղային տանից վռնդելուց հետո իմացել է, որ վերջինս այդ ընթացքում հանդիպել է մոր հետ և նախատեսել է բնակվել նրա հետ։ Այդ դեպքերից հետո հայրը առևանգել է տղային և ցանկացել նրան սպանել անտառում, պատմել է մայրը։

Բաժանումից հետո Աուրելիա Դունդուկը փորձել է Միխայիլի հետ բանակցել աղջիկներին տեսակցելու պայմանները, սակայն տղամարդը մերժել է և արգելել կապ ունենալ աղջիկների հետ։ Ինչից հետո, կինը ցանկացել է սահմանափակվել հեռակա կապ պահելով, սակայն աղջիկները խնդրել են հեռու մնալ, քանի որ հայրը հետևում էր նրանց և կարող էր «վրեժ լուծել» հենց իրենցից։ Քույրերը մորը չեն պատմել տեղի ունեցող դեպքերի մասին, քանի որ կարծել են՝ մայրը չի կարող իրավիճակը փոխել, մի բան էլ անիմաստ անհանգստանալու է։

Դստրերից Անգելինան 2018 թվականին տրված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ «բանտը ավելի լավ է, քան հոր հետ ապրելը»։ Հայրը մոր հեռանալուց հետո էլ ավելի դաժան է վարվել աղջիկների հետ՝ 10 տարեկանից սկսած ծեծել է, 14 տարեկանից էլ՝ սեռական ոտնձգության ենթարկել։

Անգելինայի նկարագրմամբ՝ հոր համար կինը ստրուկ էր, ով պետք է ծառայեր տղամարդուն։ «Նա առհասարկ ոչինչ չէր անում տանը՝ իր համար ջուր չէր բերում, պատուհանը չէր բացում։ Միայն հրամաններ էր տալիս», - ասել է աղջիկը։

Աղջիկների մայրը պատմել է, որ նախկին ամուսինը սիրում էր զենքեր և միշտ կրում էր։ Կրկնվող բռնության դեպքերը կնոջը ստիպել են դիմել ոստիկանություն, սակայն հիշում է, որ հենց ոստիկանական բաժանմունքում նախկին ամուսինը հարվածել է իրեն։ Կինը պատմել է, որ Միխայիլը ունեցել է կապեր, ինչն էլ նրան ամեն անգամ ազատել է պատասխանատվությունից։

Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ են աղջիկները սպանել հորը, ոչ թե պարզապես փախչել տանից, մայրը դեռ նախորդ տարի ասել էր, որ հայրը բազմիցս սպառնացել է աղջիկներին, որ կգտնի և կսպանի նրանց։

Ի աջակցություն քույրերի, բողոքի ալիք է բարձրացել նաև սոցիալական ցանցներում, որտեղ օգտատերերը պահանջում են արդարացնել քույրերին՝ օգտագործելով #свободусестрамхачатурян, #ազատությունԽաչատուրյանքույրերին, #FreeKhachaturyanSisters հեշթեգերը։ Ինչպես նաև, Change.org կայքում «Պահանաջում ենք կասեցնել Խաչատուրյան քույրերի հանդեպ հարուցված քրեական գործը» ստորագրահավաք է իրականացվում, որտեղ արդեն միացել է 166.449 մարդ։