Վերոնիկա Ջիոևան առաջին անգամ հանդես կգա Երևանում

Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում մեր երաժշտասերները առաջին անգամ կունկընդրեն Մոսկվայի Մեծ թատրոնի մենակատար, հանրահռչակ սոպրանո, աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող Վերոնիկա Ջիոևային:

Նա հանդես կգա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Ստեփանյանի մասնակցությամբ և Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգի ընթացքում կհնչեն Մոցարտի, Վերդիի, Մասնեի օպերային լավագույն արիաները, հատկապես դրամատիկ սոպրանոյի համար գրված արիաները, զուգերգերը:

Վերոնիկա Ջիոևան ծնվել է 1970 թվականին Հարավային Օսիայում: Նա Հարավային և Հյուսիսային Օսիաների ժողովրդական արտիստ է: 2006 թվականից երգել է Նովոռոսիյսկի օպերայի և բալետի թատրոնում, 2012-ից Մեծ թատրոնի մենակատար է: Ջիոևան մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է:

«Ազատության» հետ զրույցում համերգի պրոդյուսեր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն ասաց․ - «Վերոնիկա Ջիոևան հանդես է եկել շատ հայտնի երգիչների հետ, միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում նաև Չայկովսկու մրցույթի դափնեկիր է: Սա առաջին ելույթն է Հայաստանում, բայց հուսով ենք, որ վերջինը չի լինի»:

Ի պատասխան հարցին, թե ինչպես ծագեց Ջիոևային Երևան հրավիրելու գաղափարը, Պադարյանն ասաց․ - «Մենք իրեն փորձել ենք հրավիրել մի քանի անգամ, այս անգամ ստացվեց»:

Ներկայացնելով Ֆիլհարմոնիկի մոտակա ծրագրերը՝ նվագախմբի գլխավոր պրոդյուսերն ասաց․ - «Ֆիլհարմոնիկը ունի համերգներ հունիսին և հուլիսին: Ամսի 28-ին համերգին կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Երվանդ Երկանյանի, Սուրեն Զաքարյանի և Վահրամ Բաբայանի: Հուլիսն էլի ունենք բավականին հետաքրքիր և լավ ծրագրեր»: